«Նկարահանումներից մեկի ժամանակ Արվինը պնդեց, որ պետք է սուզվեմ և լվանամ նավը ներքևից». Էվա Խաչատրյանը՝ Կարիբյան կղզու արկածների, հիշողությունների և դժվարությունների մասին. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նկարահանումներից մեկի ժամանակ Արվինը պնդեց, որ պետք է սուզվեմ և լվանամ նավը ներքևից». Էվա Խաչատրյանը՝ Կարիբյան կղզու արկածների, հիշողությունների և դժվարությունների մասին. tert.am

Օրեր առաջ մեկնարկել է «Ծովը հայերեն» նախագիծը, որի շրջանակներում դերասանուհի Էվա Խաչատրյանը մեկ ամիս շարունակ ապրել է նավի վրա՝ ճամփորդելով և ուսումնասիրելով տարբեր կղզիներ: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նկարահանումների ընթացքի, դժվարությունների և ստացած էմոցիաների մասին:

«Քննարկումների վերջնարդյունքում որպես առանցքային կերպար ընտրվել եմ ես, բայց կարևոր էր նավաստիի՝ Արվինի հետ աշխատանքը և հասկանալը՝ կկարողանա՞նք մենք համագործակցել ողջ նախագծի շրջանակներում․ ինչպես արդեն պարզ դարձավ, աշխատանքը ստացված էր: Նախապատրաստական աշխատանքները եղել են երկարատև գործընթաց, հասանք դժվարություններով, բայց ամեն բան լավ է»,- ասաց Էվա Խաչատրյանը:

Մեկ ամիս շարունակ դերասանուհին և նավաստի Արվին Հաղնազարյանը առագաստանավով բացահայտել են Կարիբյան ծովի գաղտնիքները:

«Նավի վրա ապրելն ինձ համար եղել է հաճույք, և երջանկություն էր այս մեկ ամիսն ինձ համար: Ես հայտնվել եմ լիովին այլ աշխարհում՝ գիտակցելով, որ գուցե այս նախագծի բացակայության պարագայում ես չունենայի նման փորձ: Նոր էմոցիաներ, հուշեր և տպավորություներ»,- նշեց նա:

Էվա Խաչատրյանը նաև նշեց նկարահանումների ամենաբարդ տեսարանի և դեպքի մասին:

«Նկարահանումներից մեկի ժամանակ Արվինը պնդեց, որ պետք է սուզվեմ և լվանամ նավը ներքևի հատվածից: Սկզբում ես մտածում էի, որ անտանելի բարդ գործընթաց է լինելու, բայց նավաստին պնդել է, որ ես պետք է անպայման կատարեմ այն, և ես հատուկ սարքավորումներով սուզվել եմ նավի տակ և մաքրել այն: 2-րդ ամենատպավորիչ դեպքը եղել է շուրջ 18 մետր սուզվելը, ինչն իրականում բավականին բարդ է,- պատմեց դերասանուհին և նշեց, որ օրվա ամենասպասված ժամը եղել է գիշերը: -Գիշերները ես մնում էի ծովի և իմ մտքերի հետ միայնակ, երբ պետք է հսկեի որոշակիորեն նավի ընթացքը և տարբեր հարցերի շուրջ մտորեի»:

Նա նաև հավելեց, որ իր համար ամենատպավորիչը եղել է Կարիբյան ծովը:

«Այդ հատվածի գեղեցկությունն ինձ համար անփոխարինելի էր և արկածներով լի, անկախ մի շարք գեղեցիկ վայրերից, Կարիբյան ծովն ինձ գերել է իր ողջ շքեղությամբ: Այնուամենայնիվ մեկ ամիսը եղել է անփոխարինելի և անմոռանալի: Ես փորձել եմ որսալ ամեն րոպեն»,- ասաց Էվա Խաչատրյանը:

tert.am