Կանադացի գիտնականներն առաջին անգամ պարզել են, որ աշխատանքի շատ ժամերը կարող են հանգեցնել սրտի երկրորդ կաթվածի։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է Journal of the American College of Cardiology-ում։
Հետազոտությանը մասնակցել է 967 պացիենտ, որոնք 1995-1997թթ. բուժում էին ստանում կանադական հիվանդանոցներում՝ միոկարդի ինֆարկտի հետ կապված։ Նրանք բոլորը 60 տարեկանից փոքր էին եւ պատրաստվում էին շարունակել աշխատանքը։ Հարցվողներին մշտապես հարցեր էին տալիս, որպեսզի հասկանան, թե ռիսկի ինչ գործոններ են ազդում նրանց վրա։
Դիտարկումների ընթացքում երկրորդ ինֆարկտ առաջացել է հետազոտության մասնակիցների 21,5 տոկոսի մոտ։ Շաբաթական ավելի քան 55 ժամ աշխատող մարդկանց դեպքում ինֆարկտը երկու անգամ ավելի հաճախակի էր, քան, 35-40 ժամ աշխատողների պարագայում։
Ինչպես տեղեկացրել է Քսավիե Թրուդելը Լավալի համալսարանից, հարցման ժամանակ աշխատաժամանակի եւ սթրեսի գործոնների մեծ քանակությունն օգնել է հասկանալ, թե որքանով է աննպաստ աշխատանքային միջավայրը եւ ինչ ճնշման են ենթարկվում հետազոտության մասնակիցները։ Երբ առկա էին այս երկու գործոնները, նկատվում էր կրկնակի ինֆարկտների էական ավելացում։
Կրկնակի ինֆարկտն ավելի հաճախ տեղի է ունեցել տղամարդկանց եւ երիտասարդների պարագայում. սովորաբար հենց նրանք են շատ ժամեր աշխատել։ Այն մարդկանց խմբում, որոնք աշխատել են ավելի քան 55 ժամ, ավելի շատ են եղել ծխողները եւ խմողները։ Շատ աշխատաժամերը, որպես կանոն, ասոցիացվել են աշխատանքային սթրեսի ավելի բարձր մակարդակի հետ։
«Միոկարդի ինֆարկտի կրկնման ռիսկը նվազեցնելու համար, պրոֆիլակտիկայի համար պետք է պակասեցնել աշխատանքային ժամերը։ Դրանց օպտիմալ քանակությունը պետք է սահմանվի հետազոտություններում»,- ամփոփել է Թրուդելը։
Աշխարհում հինգ մարդուց մեկն աշխատում է շաբաթական ավելի քան 48 ժամ։ Ավելի վաղ կատարված հետազոտությունը ցույց էր տվել, որ աշխատաժամերի մեծ քանակությունը մեկ շաբաթվա ընթացքում կապված է սիրտ-անոթային համակարգի առողջության վատացման հետ։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթն ավելի քան 55 ժամ են աշխատում, 33 տոկոսով ավելի շատ են ենթակա ինֆարկտ ստանակու, իսկ սրտի իշեմիկ հիվանդություն ստանալու հավանականությունը բարձր է 13 տոկոսով՝ նրանց համեմատ, ովքեր աշխատում են ստանդարտ աշխատաժամանակով (35-40 ժամ)։