Արդեն տեղեկացրել ենք, որ վերջին երկու օրերին ռուսական զինուժը թիրախավորել է Ուկրաինայի մի շարք քաղաքներ, որոնց մեջ նաև՝ մայրաքաղաք Կիևը։
Ռուսական հրթիռակոծությունների թիրախ է դարձել նաև Խարկով քաղաքը, որտեղ գործում է ՀՀ Պատվավոր հյուպատոսությունը։
«Ինչպես գիտեք, երեկ և այսօր ռուսական զինուժը հրթիռակոծեց Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքը։ Օդային հարվածներ են հասցվել նաև Խարկովին, ճիշտ է, մյուս քաղաքների համեմատ՝ ոչ այնքան ինտենսիվ։ Այդուհանդերձ, ռմբակոծության հետևանքով քաղաքում խափանվել էր ջրամատակարարումը, նաև հոսանք չկար։ Օդային հարձակման հետևանքով նաև եղան զոհեր և վիրավորներ»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին ասաց Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը՝ նշելով, որ տուժածների մեջ, բարեբախտաբար, հայեր չկան։
Նրա խոսքով, այս պահի դրությամբ քաղաքում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը մեծ մասամբ հաջողվել է վերականգնել, մարդիկ շարունակում են մնալ ռմբապաստարաններում, ինչը, Հովհաննիսյանի բնորոշմամբ, արդեն սովորական է դարձել քաղաքացիների համար։
Հարցին, թե ինչ ռեժիմով է աշխատում Խարկովում ՀՀ Պատվավոր Հյուպատոսությունը, պաշտոնյան մանրամասնեց․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հյուպատոսարանը գտնվում է Խարկովի կենտրոնական շրջանում, ինչպես նաև առկա վտանգը, առայժմ աշխատանքներն իրականացվում են հեռավար։ Մեր հայրենակիցների հետ մշտապես կապի մեջ ենք»։