Միջերկրածովյան սննդակարգը բարելավում է քաղցկեղով հիվանդների արձագանքը իմունոթերապիային
Advertisement 1000 x 90

Միջերկրածովյան սննդակարգը բարելավում է քաղցկեղով հիվանդների արձագանքը իմունոթերապիային

Միջերկրածովյան սննդակարգը բարելավում է քաղցկեղով հիվանդների արձագանքը իմունոթերապիային: Այսպիսին են Գրոնինգենի համալսարանի գիտնականների ուսումնասիրության արդյունքները, որոնք ներկայացվել են 2022 թվականի Միավորված եվրոպական գաստրոէնտերոլոգիայի շաբաթին:

Հետազոտությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում։ Դրան մասնակցել է խորացած մելանոմայով 91 պացիենտ: Նրանք բոլորը իմունային վերահսկման կետերի ինհիբիտորներ են ընդունել՝ իմունոթերապիայի ամենատարածված տեսակներից մեկը: Առաջընթացը վերահսկվել է կանոնավոր ռենտգենոլոգիական հետազոտությունների օգնությամբ:

Պացիենտները, որոնք պահպանել են միջերկրածովյան սննդակարգը, ավելի լավ են արձագանքել թերապիային: Բացի այդ, նրանց գոյատեւման մակարդակը բարձր է եղել՝ 12 ամսվա ընթացքում առանց պրոգրեսիայի:

Միջերկրածովյան սննդակարգը հարուստ է ձիթապտղի յուղից, ընկույզից եւ ձկից ստացված մոնո եւ պոլիչհագեցած ճարպերով, ինչպես նաեւ բանջարեղենից, մրգերից եւ ամբողջական ձավարեղենից ստացված պոլիֆենոլներով ու բջջանյութով:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ամբողջահատիկների եւ ընդեղենի օգտագործումը նվազեցրել է այնպիսի կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին է կոլիտը: Եվ հակառակը՝ կարմիր եւ վերամշակված միսը կապված է եղել դրա առաջացման ավելի մեծ հավանականության հետ:

Գիտնականները ենթադրում են, որ այս ազդեցությունը պայմանավորված է աղիքային միկրոբիոմի վրա սննդակարգի ազդեցությամբ։ Իմունոթերապիան կիրառվում է տարբեր ուռուցքների, այդ թվում՝ մարսողական համակարգի քաղցկեղի բուժման համար։

med.news.am