Ավստրալիայից Ջեյն Լուն իր ծնողների թիկունքում բազմամիլիոնանոց բիզնես է սկսել և երկու տարի ձևացրել, թե գնում է գրասենյակ՝ նրանց չհիասթափեցնելու համար։ Այս մասին հայտնում է 7News-ը։
Երբ Լուն ութ տարեկան էր, նրա ընտանիքը Չինաստանից տեղափոխվեց Ավստրալիա: Կնոջ ծնողները միշտ ցանկացել են, որ նա դառնա բժիշկ, իրավաբան կամ հաշվապահ։ Ծնողների սպասելիքներն արդարացնելու համար դուստրը ֆինանսների ոլորտում բարձր վարձատրվող աշխատանք է գտավ հեղինակավոր ընկերությունում, բայց արագ հասկացավ, որ չի կարող աշխատել գրասենյակում։
Լուն չցանկացավ տխրեցնել իր ընտանիքին և խոստովանել, որ ատում է այն, ինչ անում է։ Փոխարենը դուրս եկավ գործից, բայց ծնողների հանգստության համար ամեն առավոտ շարունակեց վեր կենալ, կոստյում հագնել ու գնալ գոյություն չունեցող աշխատանքի։ «Ես շատ էի ամաչում այն ամենից, ինչ անում էի, և ինձնից հիասթափված էի այս իրավիճակում հայտնվելու համար», – հիշում է 36-ամյա Լուն։
Կինը փորձել է սեփական բիզնեսը բացել, սակայն չի հաջողվել: Հետո նա աշխատանքի է ընդունվել որպես ադմինիստրատոր և շարունակել զբաղվել բիզնեսով։ 2010 թվականին Լուն բացել է իր «Showpo» նորաձևության առցանց խանութը։ «Ծնողներս գիտեին, որ ես բացել եմ Showpo-ն, բայց նրանք կարծում էին, որ դա լրացուցիչ եկամտի աղբյուր է»,- ասում է նա։
Երկու տարի անց բիզնեսը վերելք էր ապրում, և Լուն ամբողջ ճշմարտությունն ասաց իր ընտանիքին: Նա կարողացավ մարել իր հիփոթեքը և ծնողների համար նոր մեքենա գնել։
Ներկայումս ապրանքանիշն իր արտադրանքը մատակարարում է ավելի քան 120 երկրների: Showpo-ն աշխարհի ամենամեծ հագուստի առցանց խանութներից մեկն է։ «Եթե դուք արդեն ունեք բիզնես գաղափար, ապա պարզապես սկսեք, որովհետև երբեք չեք սովորի այնքան շատ բան, որքան ընթացքում: Պարզապես պետք է ճարպիկ լինել»,- ասում է Լուն: