Կարեն Անդրեասյանի և Երանուհի Թումանյանցի՝ ԲԴԽ տեղափոխվելուց հետո գործադիրը մտածում է ավելացնել նրանց եկամուտն ու հավելում տրամադրել. Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Կարեն Անդրեասյանի և Երանուհի Թումանյանցի՝ ԲԴԽ տեղափոխվելուց հետո գործադիրը մտածում է ավելացնել նրանց եկամուտն ու հավելում տրամադրել. Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել. pastinfo.am

ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի և փոխնախարար Երանուհի Թումանյանցի՝ ԲԴԽ տեղափոխվելուց հետո արդարադատության նախարարությունը հրատապ անհրաժեշտություն է տեսնում՝ ԲԴԽ նախագահին և անդամներին կեսի չափով հավելում տրամադրելու։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հանրային քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվող լրացումների արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի նկատմամբ։

Ըստ ԱՆ-ի՝ փորձ է արվում վերացնել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների՝ օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման հետ անհամապատասխանությունը։ Նշենք, որ կարգավորման համաձայ՝ ԲԴՊ անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից։

Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով հիմնական աշխատավարձ՝ պաշտոնային դրույքաչափը բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալն է: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գործակիցը, համաձայն Օրենքի հավելվածի, 16 է, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամներինը՝ 12:

Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200×16=1.331.200) 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 665.600×12=7.987.200 ՀՀ դրամ), Բարձրագույն դատական խորհրդի մեկ անդամի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200×12=998.400 ՀՀ դրամ) 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 499.200×12=5.990.400 ՀՀ դրամ): Արդյունքում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով:

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում բացառված չէ, որ Գրիգոր Մինասյանը եւս տեղափոխվի ԲԴԽ, որի կարիքը Կարեն Անդրեասյանն այնտեղ արդեն զգում է։

Աղբյուր` Փաստինֆո

 



Նման նյութեր