ԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարթը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներդրված միգրացիոն սահմանափակումները մուսուլմանական մեծամասնությամբ 7 երկրների նկատմամբ: Ինչպես հաղորդում է CNN-ը, որոշման մեջ դատավորը շեշտել է, որ կառավարության ներկայացուցիչների այն պնդումները, թե դաշնային դատավորներն իրավասություն չունեն կասե ցնելու համար նախագահի հրամանագիրը, հիմնավոր չեն:
Նախորդ շաբաթ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագիրը երկրում մեծաքանակ ցույցերի պատճառ էր դարձել: Կասեցվել էին շուրջ 60 հազար ամերիկյան վիզաներ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատավոր Ռոբարթի որոշումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 27-ին ստորագրած հրամանագրով 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար: Արգելքը վերաբերում է վերոնշյալ երկրների քաղաքացիների համար՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք ունեն բնակության իրավունք, Green Card կամ վիզա: