Հայաստանում ամեն տարվա նոյեմբերի վերջից կամ դեկտեմբերի սկզբից սպասվում է սեզոնային գրիպի ակտիվացում, դրանից պաշտպանվելու նպատակով հոկտեմբերից սկսվում են գրիպի դեմ պատվաստումները. Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լենա Նանուշյանը, Արտակ Ջումայանը և նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը պատվաստվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ՝ իրենց օրինակով քաղաքացիների ուշադրությունը սևեռելու պատվաստում ստանալու կարևորության վրա:
Պատվաստումից հետո նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ամեն տարի հոկտեմբեր ամսից սկսում ենք գրիպի դեմ պատվաստումները: Առաջին հերթին դա վերաբերում է ռիսկի խմբի քաղաքացիներին, մինչև 12 տարեկան երեխաներին, քրոնիկ հիվանդանդություններ ունեցողներին և 65 տարեկանից բարձր քաղաքացիներին»,- ասաց նախարարը:
Ներկայում Հայաստանում սկսվում է շնչառական վարակների ակտիվացման սեզոնը: Նախարարի խոսքով՝ նկատվում է սուր շնչառական վարակների թեթև բարձրացում: Թեև այս պահին դեռ Հայաստանում գրիպի դեպքեր չեն արձանագրվել, սակայն նոյեմբերի վերջին, դեկտեմբերից սկսվում է սեզոնային գրիպի ակտիվացմանը շրջանը: Ընդ որում, թե գրիպը, թե կորոնավիուսը, սեզոնայնությամբ պայմանավորված, միասին կարող են շրջանառվել: Այսպիսով նախարարը կարևորեց երկուսի դեմ էլ պաշտպանության որոշակի աստիճան ունենալը, ինչը կօգնի նվազեցնել բարդ, ծանր դեպքերի ռիսկերը:
«Գրիպը ևս բավականին ծանր են տանում թե քրոնիկ հիվանդները, թե տարեց քաղաքացիները: Եվ պատվաստվելն օգնում է հնարավորինս կանխարգելել բարդացման դեպքերը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ գրիպի և կորոնավիրուսի պատվաստումները կարելի է իրականացնել նաև միաժամանակ:
Նախարարը նշեց, որ իրենց պատվաստմամբ ևս մեկ անգամ քաղաքացիների ուշադրությունն են սևեռում նրա վրա, որ պատվաստանյութերն արդեն հասանելի են: «Սա պատվաստվելու ամենաճիշտ ժամանակն է: Հոկտեմբերի սկզբից մինչև նոյեմբեր, եթե ստեղծում ենք պաշտպանության շերտը, առաջիկա սեզոնին պատրաստ ենք լինում: Գրիպն ակտիվանում է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին: Եվ այդ ամբողջ շրջանում մենք մեզ կարող ենք պաշտպանված զգալ»,-ասաց Ավանեսյանը:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնեց, որ այս տարի, ինչպես նախորդ տարիներին, գրիպի դեմ 170 հազար պատվաստում իրականացնելու հնարավորություն կլինի: Ընդ որում, նրա խոսքով, ամեն տարի այդ 170 հազարի մինչև վերջին դեղաչափն էլ սպառվում է: Այսպիսով քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած պոլիկլինիկա և պատվաստվել: Հանրապետության հրապարակում կա նաև պատվաստման շարժական կետ, որտեղ ևս հասանելի է գրիպի դեմ պատվաստանյութը:
«Մեզ մոտ սեզոնային գրիպի բարձացումն ավելի շատ դեկտեմբերի 1-ից է սկսվում, հիմա շատ հոյակապ ժամանակահատված է, որ կարողանանք այս ընթացը ռացիոնալ օգտագործել ռիսկի խմբերի անձանց, այն անձանց համար, որոնք մտահոգված են, տարիներ շարունակ ստացել են գրիպի դեմ պատվաստումները, տեսել են արդյունքը: Սեզոնային գրիպի ժամանակահատվածը Հայաստանում հասնում է մինչև մայիս: Այս ողջ ժամանակահատվածում մենք կարող ենք առաջարկել պատվաստումներ»,-ասաց Սահակյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանում արդեն գրիպի դեպքեր են գրանցվում, հարուցիչներ են շրջանառվում, ինչը նշանակում է, որ դա շատ արագ կարող է հասնել Հայաստան: ՌԴ-ում շրջանառվում է գրիպի H3N2 ենթատեսակը: Հայաստանում առկա պատվաստանյութը կանխարգելում է թե H1N1, թե H3N2 ենթատեսակները:
Հայաստանում գրիպի դեմ պատվաստումների առումով առաջնահերթությունը տրվում է նախ ռիսկի խմբերի անձանց: Սակայն Սահակյանը նկատել է, որ տարեցտարի ավելանում է պատվաստվող անձանց քանակը, որոնք ռիսկի խմբում չեն: «Պահանջարկը տարեցտարի շարունակաբար ավելանում է: Դա կրկին ցույց է տալիս, որ մարդիկ իրենց օրինակով տեսնում են արդյունավետությունը»,-ասաց նա:
Մինչև համավարակը, Սահակյանի խոսքով, գրիպի դեմ տարեկան մոտ 250 հազարի պատվաստանյութի սպառման էին հասել, սակայն համավարակի շրջանակում մյուս բոլոր վարակիչ հիվանդությունները գրեթե չէին գրանցվում, այսպիսով պատվաստման տեմպն էլ նվազել էր: Իսկ հիմա, կորոնավիրուսի հետ մեկտեղ, կրկին սկսվել է այլ վարակիչ հիվանդությունների ակտիվությունը: Մասնագետը զգուշացրեց՝ եթե կորոնավիրուսը և գրիպը զուգակցվեն, ծանր դեպքերն ավելի շատ կլինեն, այսպիսով հորդորեց այս պահն արդյունավետ օգտագործել և պատվաստվել: