Պատերազմի ծանր օրերին օպերային ստուդիան ներկայցրեց իր առաջնախաղը՝ Մոցարտի լավագույն օպերաներից մեկը համարվող «Դոն Ջիովաննին»։ Իր հրապարակումներից մեկում ՀՀ Ժող արտիստ, օպերային ստուդիայի գեղ. ղեկավար Հասմիկ Պապյանը նշեց, որ արվեստը նույնպես առաջնագիծ է, և մենք պարտավոր ենք այն անառիկ պահել: Հենց այդ բանալիով էլ բացվեց մեր զրույցը օպերային ստուդիայի գործունեության և արվեստագետի ճիշտ ինքնադրսևորման մասին:
«Մենք մի քանի ամիս է, ինչ նախապատրաստում էինք առաջնախաղը՝ սոլիստների երկու կազմ, միջազգային ստեղծագործական խումբ և փաստորեն նորաստեղծ ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ: Ես հրավիրեցի տաղանդաշատ ռեժիսոր և դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանին և դիրիժոր Ալեքսանդր Իրադյանին Գերմանիայից և ամառվա շաբաթներն անցան շատ ինտենսիվ աշխատանքային ռիթմով՝ ասում է երգչուհին»:
Ներկայացումը լի էր թարմ և սրամիտ ռեժիսորական լուծումներով, լայնորեն օգտագործվում էին վիդեոպրոեկցիա և մեդիատեխնոլոգիաներ, մեծ աշխատանք էր կատարվել սցենոգրաֆիայի և բեմական հանդերձանքի առումով: Կարելի է ասել՝ արդեն ավանդաբար բեմում ներկա էր նաև բալետային խումբը, չնայած ներկայացումը լուծված էր ժամանակակից ոճով, բայց ամենակարևորը Մոցարտյան սրամտությունն ու չարաճճիությունը գերիշխում էր բեմում: Գտնված էր չտեսնված համաչափություն Իտալերենի և հայերենի միջև, ռեչիտատիվների մի մասը հնչում էր մի պարագայում մոսկովյան շեշտերով, մեկ այլ պարագայում գյումրվա դիալեկտով, ինչը առանձնահատուկ հմայք էր հաղորդում և ստեղծում ջերմ ընդունելության մթնոլորտ հանդիսատեսի կողմից: Հատուկ պետք է նշել մենակատարների հարուստ ձայնային տվյալներով ընտրությունը, ինչը արդեն չի զարմացնում Օպերային ստուդիայի պարագայում:
Ինչպես նշում է գեղ. ղեկավարը, նվագախմբի առաջին փորձերին մասնակցում էին ընդամենը 6 երաժիշտ, և կազմակերպչական մեծ ջանքերի շնորհիվ ամբողջովին համալրվեց նվագախմբի կազմը, ստուդիան պատրաստ էր բեմ հանել Մոցարտի գլուխգործոցը:
«Երբ վրա հասավ պատերազմի մասին լուրը, ներկայացման դիրիժորը հրաժարվեց մասնակցել և հեռացավ Հայաստանից: Մեզ պարզապես փրկեց դիրիժոր Հարություն Արզումանյանը, ով հաշված օրերի ընթացքում ստանձնեց ներկայացման դիրիժորի պարտավորությունները և փայլուն կատարեց իր մասնագիտական պարտքը»,- շարունակում է Հասմիկ Պապյանը:
«Դոն Ջիովանին» գալիս է լրացնելու Հայաստանում օպերային գունապնակի բացը, քանի որ օպերային արվեստը չի կարող ներկայանալի լինել երկրում, եթե բեմադրված չի Մոցարտի օպերաներից որևէ մեկը: Հաղորդման ընթացքում հնչում են հատվածներ «Դոն Ջիովանի» օպերայի առաջնախաղից:
Ավելի մանրամասն՝ armradio.am