Ջորջ Ֆլոյդի դուստրերից մեկի՝ Ռոքսի Վաշինգտոնի մայրը դատի է տվել Քանյե Ուեսթին 250 միլիոն դոլարի պահանջով: Ռեփերն ասել է, որ տղամարդը, ում սպանությունը ոստիկանության կողմից զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել ԱՄՆ-ում, չի սպանվել, այլ մահացել է թմրամոլությունից: Այդ մասին գրում է The Guardian-ը։
Վաշինգտոնը, հայցում ասել է, որ Ուեսթը «չարամիտ հայտարարություններ» է արել Ֆլոյդի մասին՝ իր ապրանքանիշերը գովազդելու, ինչպես նաև «մարքեթինգային արժեք ավելացնելու համար»:
Ընտանիքի փաստաբաններն ասում են, որ ռեփերը անապահով և անառողջ միջավայր է ստեղծում մահացած աֆրոամերիկացու դստեր համար, ով տրավմայի է ենթարկվում նման հայտարարություններից: «Որոշ խոսքեր ունեն հետևանքներ, և պարոն Ուեսթը պետք է դա հասկանա»,- ասում են պաշտպանները:
Ջորջ Ֆլոյդը խեղդամահ է եղել ոստիկանության սպայի կողմից Մինեապոլիսում՝ 2020 թվականի մայիսի 25-ին։ Դիահերձումը հաստատել է, որ տղամարդը մահացել է «իրավապահների գործողությունների հետևանքով առաջացած սրտանոթային խնդիրներից»։ Միևնույն ժամանակ, Քանյե Ուեսթը Drink Champs փոդքասթի ժամանակ ասել է, որ Ֆլոյդը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից, իսկ ոստիկանի ծունկը «նույնիսկ նրա պարանոցին չի եղել»։