Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ասել է, որ իր համար հեշտ չի եղել ընդունել Եղիսաբեթ II-ի մահը։ Նա Variety ամսագրին տված հարցազրույցում կիսվել է բրիտանական թագուհու մահից հետո իր զգացմունքներով։
Մարքլը խոստովանել է, որ երախտապարտ է ճակատագրին՝ ամուսնու կողքին լինելու և նրան աջակցելու հնարավորության համար, երբ տատիկը մահացավ։ Նրա խոսքով՝ չնայած տխրությանը, արքայազն Հարրին կարողացել է տեսնել կատարվածի լուսավոր կողմը. նա ասել է, որ Եղիսաբեթ II-ը վերջապես վերամիավորվել է իր հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ։
Սասեքսի դքսուհին Եղիսաբեթ II-ին անվանել է կին առաջնորդության վառ օրինակ: Նա խոստովանել է, որ ուրախ է եղել ծանոթանալ նրա հետ, և իրենց շփումը հագեցած է եղել «հաճելի ջերմությամբ»։ Մարքլը հավելել է, որ միշտ հպարտանալու է իրենց առաջին ու միակ միասին հանրությանը ներկայանալով։
Թագուհու մահը Մարքլին հիշեցրել է կենտրոնանալ այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են: «Կյանքի շրջադարձային պահերին սկսում ես ավելի շատ մտածել ապագայի մասին։ Մտածեք, թե ինչի վրա ներդնեք ձեր էներգիան: Այժմ մենք լի ենք էներգիայով և եռանդով բոլոր այն նախագծերի համար, որոնց վրա երկար ժամանակ աշխատել ենք։ Մենք կենտրոնացած ենք նաև մեր բարեգործական հիմնադրամի զարգացման վրա»,- ասել է արքայազն Հարիի կինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք զույգը կարողացել է վերապրել կորուստը և առաջ շարժվել։