Վահան Բադասյան. Այս պահիԱրցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է. «Իրավունք»
Advertisement 1000 x 90

Վահան Բադասյան. Այս պահիԱրցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է. «Իրավունք»

«Այս պահին Արցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է: Որ պահին խաղաղապահ զորախումբը դուրս եկավ, մենք պետք է իրենցից, այսպես ասած, մի ոտք շուտ դուրս գանք, որպեսզի չցեղասպանվենք: Ու սա ոչ նորություն է, ոչ՝ գաղտնիք»: Անդրադառնալով Արցախի ապագային եւ առկա մարտահրավերներին՝ ասաց անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

— Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա: Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը եւս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որեւէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի առաքելության դուրսբերում: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը, գոնե այս պահի իրողությունները հաշվի առնելով, թույլ չի տալու խաղաղապահների առաքելության երկարաձգումը: Ի՞նչ է լինելու այդ դեպքում:

— Ես համոզված եմ, որ ռուսները չեն գնալու այստեղից, եւ որ նրանք եկել են անժամկետ տեղակայվելու նպատակով: Որովհետեւ նրանք դեռեւս 20-25 տարի առաջ էին դրան ձգտում, երբ սկսվել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Այդ աշխատանքների հիմքում եղել է խաղաղապահ զորքերի տեղակայումը: Իսկ խաղաղապահ զորքեր ասելով՝ կա՛մ պետք է Թուրքիան գար, կա՛մ՝ ՌԴ-ն: Իսկ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն ակնհայտ ցույց տվեց, որ այս տարածաշրջանը գտնվում է իր տիրապետության տակ:

— Պարոն Բադասյան, Ալիեւը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է ոչպաշտոնական շփումների, այն էլ՝ ոչ թե պաշտոնական Ստեփանակերտի, այլ՝ «հայկական բնակչության ներկայացուցիչների հետ», բայց՝ ոչ ավելին: Մասնավորապես ընդգծելով. «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա»: