Սարկոիդոզ ունեցող պացիենտների միկրոբիոմի կազմը ստորին շնչուղիներում խախտված է, պարզել են Բերգենի համալսարանի գիտնականները։ Նրանց հոդվածը հրապարակվել է Microbiome ամսագրում։
Ստուգելու համար, թե արդյոք սարկոիդոզի դեպքում խախտված է միկրոբիոմի կազմը, գիտնականները հետազոտել են 35 պացիենտի եւ 35 առողջ մարդու։ Սարկոիդոզ ունեցող պացիենտների թոքերի միկրոբիոմն իրոք փոփոխված է եղել։ Մասնավորապես, նրանց մոտ նկատվել է Aspergillus սնկերի ավելի մեծ բազմազանություն ստորին շնչուղիներում եւ հակամիկրոբային պեպտիդների ավելի ցածր մակարդակներ առողջ մարդկանց համեմատ։
Փաստորեն, հետազոտողները հայտնաբերել են հնարավոր կապ ստորին շնչուղիների միկրոբիոմի եւ սարկոիդոզի դեպքում հիվանդության առաջացման միջեւ։ Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ ստորին շնչուղիները ստերիլ են, բայց վերջերս պարզվել է, որ դրանք ունեն մշտապես ներկա միկրոբների սեփական հավաքածու։
Սարկոիդոզը համակարգային բորբոքային հիվանդություն է, որը դժվար է ախտորոշվում եւ բուժվում, իսկ դրա առաջացման պատճառները եւ մեխանիզմները մնում են անորոշ։ Հիվանդներին բնորոշ է թոքերում գրանուլյոմաների իմունային բջիջների կուտակումը։