Շեյխ Հաջի Վագիֆ Ալեկբերովը ծնվել և բնակվում է Թբիլիսիի թերևս ամենակոլորիտային թաղամասերից մեկում՝ Մեյդանում: Ազգությամբ ադրբեջանցի լինելով հանդերձ Հաջի Վագիֆը ազատ տիրապետում է հայերենին, ասում է՝ իրենց թաղամասում ազգությունը նշանակություն չունի.
Շեյխ Հաջի Վագիֆ Ալեկբերով, ֆոտոնախագծի հերոս
«Ես շատ ընկերներ ունեմ Մեյդանում, մեծացել եմ այնպիսի վայրում, որտեղ տեղակայված են հայկական եկեղեցի, մզկիթ, սինագոգ, Սիոնի… մեզ համար տարբերություն չկա, թե ով ինչ ազգության է, կարևորը մարդկային հատկություններն են…..»
Ազգությամբ Հայ, վրացի, ադրբեջանցի, ռուս, հրեա…. Գերման Ավագյանի հերոսներն ընտրված են ըստ ազգության՝ թիֆլիսեցիների բազմազանությունն ու նմանությունն արտացոլելու նպատակով: Բազմազգ Թբիլիսիի կոլորիտը վիրահայ հանրությանը սև ու սպիտակ լուսանկարների միջոցով փոխանցեց «Թբիլիսիի դեմքերը» ֆոտոնախագծի հեղինակ, լուսանկարիչ Գերման Ավագյանը: Ցուցահանդեսը մեկնարկեց փետրվարի 2-ին “Black and white Gallery”-ում «Կովկասյան գործընկերություն կազմակերպության» նախաձեռնությամբ: Այս տարի սա կազմակերպության առաջին միջոցառումն էր.
Հովհաննես Մանուկյան, «Կովկասյան համագործակցություն» կազմակերպության ղեկավար
«2017-ի համար պլանավորել ենք մի շարք միջոցառումներ, առաջինը` Գերման Ավագյանի ցուցահանդեսն է, նրան Երևանում և ինչպես տեսնում եք Թբիլիսիում էլ լավ են ճանաչում։ Հեղինակը փորձ է կատարել առանձին մարդկանց դեմքերով ցույց տալ Թբիլիսիում տարբեր ազգերի, մշակույթների ներկայացուցիչների դեմքը: Սա շատ հետաքրքիր գաղափար է և շատ լավ է ստացվել: Նման միջոցառումները շատ կարևոր են մեր երկրների երկխոսության տեսակետից»։
Ֆոտոնախագծի հեղինակը աշխատանքի ընթացքում շփվել է լուսանկարների հերոսներից յուրաքանչյուրի հետ, ասում է՝ իրենցից շատ բան է սովորել:
Գերման Ավագյան, ֆոտոնախագծի հեղինակ
«Հերոսներին պատահական եմ ընտրել, հետաքրքիրն այն է, որ ոչ ոք չէր մերժում ինձ… Լուսանկարներն արել եմ հին տեսախցիկով, դրան երկար ժամանակ է հարկավոր, երբ ժապավենը փոխում էի, շփվում էինք։ Հերոսներ կան, որոնցից շատ բան եմ սովորել կյանքի մասին, որ չէի լսի ոչ Երևանում, ոչ Մոսկվայում, այդպես կարող էին խոսալ միայն Թբիլիսիում»։
Լիզա Թորոսյան
Ավելի մանրամասն՝ aliq.ge