Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Sky Sports»-ի լրագրողների հետ խոսել է մանչեսթերյան ակումբի վերջին խաղերի, թիմակիցների հետ հարաբերությունների, ինչպես նաև իր մանչեսթերյան կյանքի մասին:
Մխիթարյանը նշել է, որ իրեն դուր է գալիս Մանչեսթերը, արդեն կարողացել է հարմարվել քաղաքին և նոր քաղաքի կանոններին:
«Այստեղ ես ջանում եմ վայելել ամեն ինչ՝ կյանքը, մարզումները: Ես ամեն օր փորձում եմ էլ ավելի զարգացնել իմ խաղը, քանի որ հավատում եմ, որ կարող եմ անել ավելին: Ես ջանասիրաբար մարզվում եմ և խաղից խաղ անում եմ ամեն բան՝ իմ լավագույն որակները ցուցադրելու համար: Ճիշտ է, գուցե ես դեռ չեմ ցուցադրում իմ ամբողջ ներուժը, բայց ես անում եմ ամեն ինչ: Իմ լավ խաղը կարևոր է ոչ միայն իմ, այլև ակումբի և երկրպագուների համար»,- նշել է Մխիթարյանը:
Մխիթարյանը խոսել է նաև ներակումբային լարվածության մասին՝ նշելով, որ ակումբում անում են ամեն ինչ, որպեսզի ֆուտբոլիստն իրեն լավ զգա:
«Երբեմն լինում են սև օրեր, բայց պետք է լավատես լինել: Ամեն ինչ քեզնից է կախված: Նման շրջան ինձ մոտ եղել է նաև Դորտմունդում, այնպես որ, ես պատրաստ եմ»,- նշել է հայ կիսապաշտպանը:
Մխիթարյանը խոսել է նաև իր թիմակից Պոլ Պոգբային ուղղված քննադատությունների մասին: Հենրիխը նշել է, որ Պոգբան դեռ երիտասարդ է՝ 23 տարեկան, և իրեն թվում է, թե անընդհատ պետք է ավելի շատ անի:
«Այնքան էլ հեշտ չէ, երբ արժեքդ 89 մլն ֆունտ ստեռլինգ է, դա լրացուցիչ պատասխանատվություն է: Այնպես որ, Պոգբան ընդամենը պետք է հարմարվի: Գուցե նրան դրա համար մի փոքր ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Բոլորը Պոգբայից հրաշք են սպասում, բայց պետք է հիշել, որ Պոլը, բացի ֆուտբոլիստից, նաև մարդ է»:
Մխիթարյանը խոսել է նաև առաջիկա մրցակցի՝ «Լեսթերի» մասին: Ըստ Հենրիխի՝ «Լեսթերը» բարդ մրցակից է:
Հայ կիսապաշտպանը մտածում է, որ «Լեսթերը» նախորդ մրցաշրջանում զարմացրեց բոլորին, իսկ այս մրցաշրջանում շատ հանգստացավ: Ըստ Հենրիխի՝ թիմերի միջև հանդիպումն իսկական ճակատամարտ է լինելու:
Սիրարփի Աղաբաբյան