Շահեն Խաչատրյանի ընտանիքի նվիրատվությունը ՀԳՊԱ-ին. safa.am
Advertisement 1000 x 90

Շահեն Խաչատրյանի ընտանիքի նվիրատվությունը ՀԳՊԱ-ին. safa.am

72 գիրք, 57 պատկերագիրք ու կատալոգ, թեմատիկ բացիկների 18 հավաքածու. այս թվերը նվիրատվության մասին են, որը 2022-ի հոկտեմբերի 28-ին Խաչատրյան ընտանիքը կանի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային։ Նվիրաբերվող մասնագիտական գրականությունը հայտնի արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» և «Սբ Սահակ, Սբ Մեսրոպ» շքանշանակիր Շահեն Խաչատրյանի անձնական գրադարանից է…

«Ակնարկներ հին Հայաստանի արվեստի պատմության», «Կիլիկյան մանրանկարչությունը ХII-ХII դարերում», «Всеобщая история искусств», «Памятники искусства Древнего Египта», «Живописцы итальянского Возрождения», «Французская живопись нового времени», «Малая история искусств» (5 հատոր), «Diego Velazquez»,  «Ян Ван Эйк», «Франциско Сурбаран», «Сезан. Переписка, воспоминания современников», «Немецкие экспрессионисты», «Марке», «Лазаревы в русском искусстве», «Soviet painting 1920s and 1930s», «Սարյանը Իսահակյանին», «Leonardo da Vinci», «Վանո Խոջաբեկյան», «Поль Гоген», «Rembrandt», «Жан-Гог», «Rubens», «Munch», «О Сарьяне», «Жерико»… Ամբողջը հնարավոր չէ թվել, սրանք հայ և համաշխարհային գեղանկարչության պատմությանն ու տեսությանը, առանձին նկարիչներին նվիրված մենագրություններ են և պատկերագրքեր, կատալոգներ և թեմատիկ բացիկների հավաքածուներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և պորտուգալերեն․․․

Կյանքն արվեստի մեջ, արվեստով, արվեստի համար․ այսպես կարելի է բնորոշել Շահեն Խաչատրյանին: Ծնվել է 1934 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, Եղեռնից մազապուրծ էրզրումցի ծնողների ընտանիքում։ 1946-ին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Սովորել է նախ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում, ապա Լենինգրադի Ի․ Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1965-ին՝ ստանալով արվեստաբանի որակավորում: Երիտասարդ արվեստագետ Շահեն Խաչատրյանին 1967-ին մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանը հրավիրել է  «իր ընկերը դառնալու և միասին աշխատելու»։ Սարյան թանգարանի հիմնադիր տնօրենը 38 տարի անմնացորդ նվիրումով ծառայել է մեծ նկարչի արվեստի հանրահռչակմանը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ 1990-ին նա համատեղությամբ ստանձնել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը։

Սարյանին և Այվազովսկուն, Գառզուին, Ժանսեմին, Մինաս Ավետիսյանին, Հակոբ Հակոբյանին և շատ այլոց նվիրված հարյուրավոր ցուցահանդեսներ Հայաստանի և խորհրդային անծայրածիր երկրի տարբեր քաղաքներում, արտասահմանում, մի քանի տասնյակ պատկերագրքեր, կատալոգներ, հոդվածներ, ֆրանսահայ նկարիչներին նվիրված մենագրություն, անհավատալի ծավալի հավաքչական գործունեություն (Շահեն Խաչատրյանի ջանքերի շնորհիվ Սարյան թանգարանն ու Ազգային պատկերասրահը հարստացել են շուրջ 500 գեղանկարներով և գծանկարներով)․․․ Այս ամենը մշտապես ուղեկցվել է կերպարվեստին ու առանձին նկարիչներին նվիրված դասախոսություններով մեր երկրում և ի սփյուռս աշխարհի:

2002- ին վերադասի պահանջով Շահեն Խաչատրյանը թողել է Ազգային պատկերասրահի, իսկ 2004-ին՝ նաև Սարյան թանգարանի տնօրենի պաշտոնները։ Դեռևս երիտասարդական ավյունով լեցուն արվեստագետին աշխատանքի է հրավիրել Ամենայն Հայոց Կաթողիկոսը․ նա Գարեգին Բ-ի մշակույթի գծով խորհրդականն էր, հետո՝ «Խրիմյան» թանգարանի տնօրենը։

Արվեստաբանի կարապի երգը հայ նկարիչներին նվիրված «Ճանաչիր և սիրիր» շարքն էր՝ ուղղված պատանի ընթերցողին։ 2011-2017թթ․ հրատարակել է 15 պատկերագիրք, բայց հետզհետե թուլացող հիշողությունը թույլ չի տվել շարունակել նոր հատորների վրա տարվող աշխատանքը։ 2021-ի հոկտեմբերի 21-ին հայ արվեստի նվիրյալ մշակը կնքել է իր մահկանացուն, լիովին արդարացնելով Վարպետի՝ իրեն տրված պատվանունը՝ թանգարանի զինվոր։

Այս նվիրատվությունն արել է Շահեն Խաչատրյանի եղբորորդին՝ Լևոն Խաչատրյանը, որի ընտանիքում էլ ապրում էր արվեստաբանը։

Լիլիկ Ստեփանյան

safa.am