«Իմ  ձայնը հնարավոր է լսել միայն իմ համերգներին և իմ երգերում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ  ձայնը հնարավոր է լսել միայն իմ համերգներին և իմ երգերում»

Ասում է Անդրեն

 

Անդրեն երաժշտի պրոֆեսիոնալ կարիերայով սկսել է զբաղվել տասնչորս տարեկանից: Մասնակցել է Արցախում տեղի ունեցող գրեթե բոլոր մրցույթներին։ Առաջինը եղել է «Ճանապարհ դեպի վերածնունդ» մրցույթը, որտեղից էլ սկսվել է ամեն ինչ: Մրցույթներից հետո Անդրեն սկսել է մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր տոնական համերգներին: Այնուհետև ընդունվել է «Ղարաբաղ ջազ» էստրադային նվագախումբ, որպես մենակատար։ Այնտեղ էլ ծանոթացել է Արթուր Գրիգորյանի հետ, ով նրան հրավիրել է Երգի պետական թատրոն: Երգի պետականում աշխատել է 1997-2001թթ., որից հետո սկսել է հանդես գալ որպես անհատ կատարող: Ներկայումս ձայնագրվում է Անդրեի չորրորդ ձայնասկավառակը, նկարահանվում է նոր տեսահոլովակ, իսկ դեկտեմբերին կլինի մենահամերգ Երևանում։ Երգչի խոսքերով, դա լինելու է հեքիաթային շոու, որի ժամանակ կլինի նաև նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Համերգը նվիրվելու է Սուրբ Ծնունդին, քանի որ հունվարին երգիչը Հայաստանում չի լինելու: Անդրեն շուտով կավարտի Երևանի Պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան, սակայն դասավանդել չի պատրաստվում: Նա նաև ստեղծագործում է. առաջին երգը՝ «Աղոթքը» Անդրեն գրել է տասը տարեկանում, այն լսել են միայն շատ մոտ մարդիկ: Նրա ամենահայտնի երգը Արսեն Գրիգորյանի «Տեսն» է։ Նա ունի նաև արտասահմանյան հայտնի երգիչների համար գրված ստեղծագործություններ, սակայն իր գրած երգերը չի կատարում։ Երաժշտական գործիքներից նվագում է դաշնամուր: Սուր զգացողությունների սիրահար է. դրա վառ ապացույցն է մենահամերգին ուղղաթիռով ներկայանալը: 

 

– Բազմաթիվ մրցույթների ես մասնակցել՝ նաև Հայաստանի սահմաններից դուրս, որոնք քեզ ավելի մեծ ճանաչում են բերել։ Կպատմե՞ս քո անցած ճանապարհի մասին։

– 2001 թվականին Ուկրաինայում եմ առաջին անգամ մասնակցել «Ոսկե Սկիֆ» մրցույթին, որտեղ առաջին մրցանակն եմ շահել: Այնուհետև՝ «Золотой шлягер», որտեղ երրորդ տեղն եմ գրավել։ Մասնակցել եմ նաև «Ասիայի ձայն» մրցույթին, որը տեղի ունեցավ Ղազախստանում։ Այնտեղ ես ներկայացրի Կոմիտասի «Հորովելն» ու գուսան Շահենի «Անցա գնացին» և շահեցի բազմաթիվ մրցանակներ։ Կարծում եմ, որ հենց «Անցա գնացի» երգն էլ ինձ ճանաչում բերեց: Իսկ մինչ այդ երգում էի «Կառնավալ» երգը։ Այն առավել հայտնի էր երիտասարդների շրջանում, քանի որ բավականին սկանդալային կերպար էր 1998 թվականի համար։ Թեև մինչև այսօր էլ, ինչ էլ որ անեմ, իմ կերպարը մնում է սկանդալային՝ սկսած տեսահոլովակներից, սանրվածքից, շարժուձևից, հագուստից, մորուքից… Բայց ես այդ ամենին նորմալ եմ վերաբերվում:

– Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Народный артист» պրոյեկտին, չէ՞ որ արդեն բավական ճանաչում ունեցող երգիչ էիր:

– Ես երեք ամիս Մոսկվայում էի, քանի որ նոր պրոյեկտ կար, նոր ռոք խումբ էր ձևավորվում, որը միջազգային ասպարեզ պիտի դուրս գար: Այդ ժամանակ առաջարկ եղավ մասնակցել «Народный артист»-ին։ Ես մեծ հաճույքով եմ մասնակցում ցանկացած տիպի մրցույթների, և այս պրոյեկտին էլ մասնակցեցի՝ որպես մրցույթ: Երկար փուլեր անցնելուց հետո միայն պարզվեց, որ դա հեռուստաշոու է, այսինքն` առանց իմանալու համաձայնել էի մասնակցել: Սակայն չեմ փոշմանել, որ մասնակցել եմ, քանի որ այնտեղ մի հինգ անգամ երևալն իր արդյունքները տվեց, ճանաչում ձեռք բերեցի նաև դրսում: Ես այսօր օտարազգի հանդիսատես ունեմ, ովքեր ինձ հիշում են հենց այդ նախագծից։ Ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի: Ես երիտասարդ երգիչներին խորհուրդ կտայի անպայման մասնակցել ցանկացած մրցույթի։ Պետք չէ ամաչել, ինչքան շատ հնչի երգը, այնքան երգչի օգուտն է:

– Մի ժամանակ լուրեր էին պտտվում, որ դու ռուսական «Նանա» խմբում ես երգելու:

– Նման բան եղել է, բայց խոսքը ոչ թե «Նանայի» մասին էր, այլ նոր կազմավորվող ռոք խմբի, որը պետք է լիներ Անգլիայում: Խմբում սոլիստներ լինելու էինք ես և մի աղջիկ: Չհամաձայնեցի, քանի որ պետք է ընտրեի կա՛մ ընտանիքս, կա՛մ այդ խումբը. պետք է կնքվեր տասը տարվա պայմանագիր: Ընտանիքիցս հրաժարվելու էի, որովհետև մեզ առաջարկում էին հանդես գալ որպես ծնողազուրկ երեխաներ, իսկ աշխարհում բազմաթիվ նման պրոյեկտներ կան, օրինակ՝ «Տատու» խումբը։ Ես, իհարկե, հրաժարվեցի:

– Այս երկու տարիների փորձը ցույց տվեց, որ «Եվրատեսիլ» գնալու համար նախ Ազգային մրցանակաբաշխությունում պետք է հաղթող ճանաչվել:

– Իսկապես այս երկու տարիների ընթացքում Ազգային մրցանակաբաշխության լավագույն երգիչ կոչման արժանացածներս մասնակցեցինք «Եվրատեսիլին», բայց հաստատ կարող եմ ասել, որ այդ երկուսը միմյանց հետ կապ չունեն: Առաջին տարին Հանրային հեռուստաընկերությունն ընտրություն կատարելու համար շատ կարճ ժամանակ ուներ, և փակ ժողովի ընթացքում որոշվել է, որ ես պետք է ներկայացնեմ Հայաստանը: Այդ մասին ես իմացել եմ հունվար ամսին, դա ինձ համար ամանորյա ամենալավ նվերն էր: Ե՛վ ուրախալի փաստ էր, և՛ շատ պատասխանատու, և ես չէի կարողանում կողմնորոշվել` համաձայնե՞լ, թե՞ ոչ: Երկար մտածելուց հետո հասկացա, որ երևի լավը դա է, ինչ լինելու է՝ կլինի: Ասեմ, որ «Եվրատեսիլն» ընդհանրապես նման չէր այն մյուս մրցույթներին, որոնց մինչ այդ մասնակցել էի: Ամեն ինչ այլ կերպ էր, ավելի շատ հեռուստաշոու էր։ Կարելի է ասել, «Սուպերսթարի» ավելի մեծ ծավալ ունեցող տարբերակն էր, որտեղ կատարողականությունն այնքան էլ չի գնահատվում, ավելի շատ պետք է հիշվել: Ուրախ եմ, որ առաջինն եմ եղել, և տա Աստված, որ նման շատ բաների առաջնեկը լինեմ: Այսօր միջազգային մրցանակաբաշխությունների շատ հրավերքներ կան։ Հիմա թղթային աշխատանքներն են տարվում, և, եթե ստացվի, ապա այս տարվա վերջին կամ մյուս տարվա ընթացքում մեր հանդիսատեսն անպայման կիմանա:

– Ուրախ ես, որ առաջինը մասնակցեցիր, սակայն որպես կանոն՝ առաջինի դեպքում նաև հույզերն ու կրքերն առավել բուռն ու լարված են: Բազմապիսի խոսակցություններ եղան՝ կապված քո մասնակցության, երգի ընտրության հետ։ Նույնիսկ ասում են, որ «ԱրմենՏելը» նախապես քեզ համար տեղ էր ապահովել:

 

pizap.com14704766290491

– «ԱրմենՏելը» հովանավորել է, որ ես ներկայանամ այնտեղ, բայց դա չէր կարող այնքան անել, որ ես ութերորդ տեղը գրավեի: Ընկերությունը ոչ թե ի՛նձ է հովանավորել, այլ Հանրային հեռուստաընկերության այդ պրոյեկտը: Հետո իմ մենահամերգներին նրանք իմ հովանավորներն էին, և ինձ ավտոմեքենա նվիրեցին, որի համար ես շատ շնորհակալ եմ: Բավականին հաճելի է, երբ նման ուշադրության ես արժանանում։ Իսկ Հունաստանում ոչ թե «ԱրմենՏելը», այլ հույներն ու հունահայերն էին ինձ իսկապես հովանավորում՝ իրենց սիրով և ջերմ ընդունելությամբ: Երբ մենք փողոց էինք դուրս գալիս կամ ինչ-որ տեղ երևում, ինձ թվում էր՝ ես Հայաստանում եմ, որովհետև և՛ ինձ էին ճանաչում, և՛ երգը գիտեին, ինչն ինձ համար անչափ հաճելի էր: Երգը ծավալուն ցուցադրություն է ունեցել Հունաստանում և գրեթե բոլոր երկրներում, բացի Ռուսաստանից: Ռուսաստանը մի քիչ ավելի ժլատ է մեր հանդեպ: Չնայած այդ երկիրը մեզ տասներկու միավոր տվեց, բայց, կարծում եմ, մեր հայրենակիցները մեծ դեր են կատարել: Շատ երկրներում եմ եղել այդ «պրոմոտուրերով», որը հետաքրքիր և չափազանց բարդ պրոցես էր: Բարդ էր հատկապես նրանով, որ երգը մեր հայրենակիցներից շատերի կողմից բավականին հալածված էր։ Դա սակայն նորմալ էր, որովհետև հնարավոր չէ բոլորին գոհացնող որևէ բան անել: Նույն հալածանքը ոչ միայն հայրենիքում էր, այլ նաև Ադրբեջանում: Ադրբեջանցիները շատ-շատ փորձեցին խանգարել, դրան կապելով նաև այն, որ ես ծնվել եմ Լեռնային Ղարաբաղում, այսինքն` իմ ինտերնետային կայքում ծննդավայրը գրված էր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Չորս-հինգ անգամ կոտրել են իմ սայթը, օրական հարյուրից ավելի շանտաժ-նամակներ էի ստանում, որտեղ ահաբեկում էին ինձ` սպառնալով ինձ ու իմ ընտանիքին: Ես հետո գիտակցեցի՝ լավ էր, որ չխելագարվեցի։ Նույնիսկ մի պահ որոշեցի հրաժարվել, բայց հետո ուժ գտա իմ մեջ ու շարունակեցի պայքարս: Հասկացա, որ միշտ է այդպես լինելու. ինչքան բարձրանաս, այնքան հալածանքները շատանալու են: Այդ ընթացքում բոլորին թվում էր, որ իրենք բոլորը պրոֆեսոր են և կարող են երաժշտությունից ավելի լավ հասկանալ, քան Արմեն Մարտիրոսյանը։ Ես իմ ելույթից հետո ասացի, որ հաջորդ տարի ով էլ որ լինի, պետք է շատ ավելի հանգիստ վերաբերվել: Պետք չէ մոռանալ, որ Վերկա Սերդյուչկան երկրորդ տեղը գրավեց, կամ «Լորդի» խումբն անցյալ տարի հաղթող ճանաչվեց։ Դա պարզապես հեռուստաշոու է: Ես պատկերացնում եմ՝ ինչ կկատարվեր, եթե հանկարծ Վերկան մեր երկիրը ներկայացներ։ Բայց երբ երկրորդ տեղը գրաված վերադառնար, կսկսեինք մեծարել: Թեև, ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի ամեն ինչ շատ ավելի թեթև անցավ:

– Որքան էլ քննադատեցին, միևնույն է, ցուցադրման օրն ազգովի շունչներս պահած սպասում էինք:

– Այո, ես գիտեմ, որովհետև զանգում ասում էին, որ Նոր տարվա նման տոն է Հայաստանում, մարդիկ դրոշներով քայլում են փողոցներում: Վերջերս էլ ես ինքս ականատես եղա նման բանի, երբ Հայաստանը խաղում էր Պորտուգալիայի հետ, դա էլ մեզ համար բավականին մեծ հաղթանակ էր:

– Վերջերս հաճախակի փոխում ես ոճդ, ինչը կրկին բազմաթիվ խոսակցությունների առիթ տվեց, մասնավորապես՝ քեզ Դիմա Բիլանի հետ էին համեմատում:

– Ցավում եմ, որ մեր ազգի մեծամասնությունը ճանաչում է երկար մազերով երգող-պարող մի աստղի՝ ռուսական մի երգչի, որն ընդամենը մեկ-երկու տարվա ճանաչում ունի: Ես արդեն տասնմեկ տարվա երգիչ եմ համարվում, և այդ նույն սալտոները անում էի դեռ 1997 թվականին՝ նույն «Կառնավալ» երգի ժամանակ: Առաջին բիզ մազերով երգիչը Հայաստանում եղել եմ ես, առաջին երկար մազերով երգիչը՝ նույնպես ես, և այսօր էլ ես անում եմ այն, ինչ անում էի այն ժամանակ: Օրինակ, Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակները նույնպես նկարված են տարբեր փողոցներում, նման ոճի տեսահոլովակները բազմաթիվ են, և ես մեղավոր չեմ, որ մեր երկրում միայն Դիմային են ճանաչում: Երբ ես լսեցի այդ համեմատությունը, ծիծաղեցի, որովհետև երբեք չեմ մտածել, որ կնմանեցնեն նրան։ Վարսահարդարը, ով արել է իմ սանրվածքը, չեմ կարծում, որ Դիմային ճանաչում է: Նա, բացի Փինքից և արտասահմանյան աստղերից, որևէ մեկին չի ճանաչում: Միգուցե ընդհանուր նմանություն կա մեր աշխատաոճերում, չնայած ամենաուժեղ հակառակորդները «Եվրատեսիլում» կամ դրանից առաջ՝ Կիպրոսում, մենք էինք։ Մյուս կողմից, լավ է, որ համեմատականը գնում է ավելի շատ դրսում գործող աստղերի հետ, քան ներսի: Ավելի լավ է այլ երկրի երգչի նմանեցնեն, քան ներսից ինչ-որ մեկին։ Դա միայն ուրախացնում է: Իսկ Դիման միգուցե կորած եղբայրս է՝ չգիտեմ (ժպտում է.– Ա.Հ.):

– Հիմա ինչպիսի՞ հարաբերություններ ունես Բիլանի հետ:

– Շատ լավ, շատ ընկերական: Բախտն այնպես է վիճակվում, որ երբ ես ինչ-որ երկրում համերգի եմ լինում, Դիման էլ է այնտեղ լինում, և մի քանի անգամ արդեն հանդիպել ենք: Ընդհանրապես, շատերի հետ եմ հանդիպել, և «Եվրատեսիլից» հետո կապերն ավելի են ընդլայնվել։ Մասնակիցներից շատերի հետ մինչ այսօր էլ շփումը կա: Վերջերս ես «Славянский базар» մրցույթին հրավիրված էի որպես հյուր` «Viva Eurovision»։ Այնտեղ ներկա էին տարբեր տարիների հաղթողներ, «Եվրատեսիլի» քսանից ավելի մասնակիցներ: Ինձ խոստացել են ուղարկել տեսագրությունը, որպեսզի այն ցուցադրվի նաև Հայաստանում:

– Վերջերս էլ Համահայկական խաղերի բացման ժամանակ բեմ դուրս եկար չսափրված, կարելի է ասել՝ նոր կերպարով:

– Պարզապես նոր կերպար է ստեղծվում իմ նոր տեսահոլովակի համար, և ռեժիսորը խնդրել է, որ ես աճեցնեմ մորուքս։ Բայց արդեն հոգնել եմ և սկսել քչացնել, իսկ Համահայկական խաղերի համերգին բավականին երկար էր: Շատերը հարցնում են՝ ի՞նչ է պատահել, իսկ ես պատասխանում եմ, որ Ղարաբաղում սիրած կատու ունեի, որը սատկել է: Մորուք միշտ եմ ունեցել, բայց ոչ այդքան երկար։ Հատուկ նպատակով արված բան չկա, որ իմ մասին խոսեն։ Միևնույն է, խոսելու են:

– «Եվրատեսիլից» հետո կրքերը միանգամից հանդարտվեցին, դու էլ համեմատաբար քիչ էիր երևում։ Ինչո՞վ էիր զբաղված այս ամբողջ ընթացքում։

– «Եվրատեսիլից» հետո ինձ հանգստանալ էր պետք, հեռուստադիտողին էլ՝ ժամանակ՝ այդ ամենը մարսելու համար: Բայց սեպտեմբերին ես երևացի իմ մենահամերգի ժամանակ, երբ ուղղաթիռով մարզադաշտ եկա: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող էր այդ նույն քայլն անել, ինչ ես արեցի: Մի քանի «ստրախովկաներով» ես համարձակվեցի ուղղաթիռից իջնել` նախապես ստորագրելով, որ որևէ մեկը պատասխանատու չէ իմ արարքի համար: Միայն հիմա եմ հասկանում, թե ինչ եմ արել: Ձայնասկավառակս թողարկելուց հետո մեկնեցի Հայաստանից, սկզբում՝ Անգլիա, այնուհետև՝ ԱՄՆ, Գերմանիա, Հոլանդիա: Այս ամբողջ ընթացքում երեք տեսահոլովակ եմ թողարկել՝ «Հորդ անձրև», «Սոնե լե լե» և «Հազար անգամ»:

– Մամուլում լուրեր եղան, որ Գերմանիայում ինչ-որ խնդիրներ ես ունեցել:

– Խնդիրներ ունեցել ենք ոչ թե մենք, այլ համերգի կազմակերպիչները: Մեզ խաբեցին, բայց կարողացանք այդ ամենը հաղթահարել: Մենք մտածելու բան չունեինք. մեր համերգները շարունակվեցին, իսկ իրենք օրերից մի օր պատասխանատվություն կկրեն իրենց գործերի համար:

– Հիմա «ԱրմենՏելի» նվիրած մեքենա՞ն ես վարում:

– Ես Հայաստանում մեքենա չեմ վարում, բայց այդ մեքենայով եմ երթևեկում: Ես չափազանց էմոցիոնալ եմ, և տեսնելով, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում, չեմ պատրաստվում մեքենայի ղեկին նստել: Շատ դժգոհ եմ թե՛ մեր վարորդներից, և թե՛ հետիոտնից։ Օրենք չկա այս երկրում: Ամեն մեկին թվում է, որ ինքն է թագավոր, բայց ես կցանկանայի, որ մենք շատ ավելի հասարակ կյանքով ապրենք: Այսօր մեր քաղաքում շատ մեքենաներ կան՝ մգեցված ապակիներով, և թվում է, թե ներսում Քրիստինա Ագիլերան է կամ Մայքլ Ջեքսոնը, բայց «քյալամի» դեմքով մեկն է նստած։ Թե ով է իրեն ճանաչում, անհանգստացնում՝ չգիտես: Ինձ համար այս ամենը շատ տհաճ է:

– Իսկ քո մեքենայի ապակիները մգեցված չե՞ն:

– Իհարկե ոչ։ Եթե ցանկանամ, իմ մեքենան կունենա «ամենագոլդ» համարը և նման շատ բաներ։ Բայց ես չեմ անի, որովհետև երբ մարդիկ ինձ տեսնում և բարևում են, ես էլ եմ բարևում. դրանից հաստատ չեմ հալչի: Սակայն երբեմն ֆանատիզմը հասնում է ագրեսիվության. եղել են դեպքեր, երբ միայն հիշում եմ, որ գետնին եմ ընկած, և իմ մազերից են քաշում: Բայց ես ավելի շատ գնահատում եմ այն հանդիսատեսին, ով առաջնահերթ իմ արվեստն է սիրում:

– Երկրպագուհիներդ շա՞տ են անհանգստացնում:

– Այո, բավականին։ Ճիշտն ասած, հիմա այդքան էլ չեն անհանգստացնում, որովհետև թեև ձեռք են բերում մեր հեռախոսահամարները, բայց իմ ձայնը լսել չեն կարող: Տհաճ երևույթ է, երբ զանգում են՝ լռում ես, բայց պետք է հասկանան, որ միևնույն է, իմ ձայնը չեն կարող լսել, քանի որ ես հեռախոսազանգերի չեմ պատասխանում: Իմ ձայնը կարող են լսել միայն համերգներին ներկա լինելով կամ իմ երգերը լսելով: Ես ոչ մեկին իմ անձնական կյանք չեմ թողնի։ Իմ արվեստը, խնդրեմ, վայելեք և սիրեք: Կարծում եմ՝ շփվելու շատ այլ տարբերակներ կան, բայց հեռախոսով ինձ լսել հնարավոր չէ:

– Իսկ երկրպագուհիներիդ կամ ընդհանրապես հաճա՞խ ես սիրահարվում:

– Ոչ, հաճախ չեմ սիրահարվում, միգուցե այն պատճառով, որ մշտապես միևնույն մարդկանց հետ եմ շփվում, և հարաբերություններն ավելի շատ գործնական բնույթի են: Ընդհանրապես, այդ հարցին լուրջ եմ վերաբերվում, և սիրելու եմ մեկընդմիշտ։ Կարող եմ ասել, որ սիրահարվում էի ինձ համար անհասանելի մարդկանց: Հիմա սիրահարված չեմ, հենց ինչ-որ բան լինի, հանդիսատեսը միանգամից կտեսնի: Դեռևս չեմ պատրաստվում ամուսնանալ։ Կարծում եմ, որ ամուսնանալու եմ այնպիսի մեկի հետ, ում հետ շատ շփում կունենամ, և մենք միմյանց լավ կճանաչենք: Դա կլինի այնպիսի մեկը, ով կհասկանա, որ ինձ հետ իր կյանքը կապելով, իր կյանքում շատ-շատ բաներ այլ կերպ կլինեն: Քանի որ ես ավելի շատ իմ գործի ֆանատն եմ, քան պարզապես զբաղվող, ինձ համար դեռևս ավելի կարևոր է գործը:

– Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ մեր աստղերից ոմանք աղանդների անդամ են։ Քո անունն էլ է անընդհատ նշվում այդ շարքում:

– Իմ աղանդավոր լինելու մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ ես եթերում շնորհակալություն հայտնեցի Աստծուն, դա 2003 թվականից սկսվեց։ Դրանք նույնպես բամբասանքներ են: Ես որևէ եկեղեցու անդամ չեմ, ես Աստծո եկեղեցու անդամ եմ, հավատում եմ Հիսուս Քրիստոսին, ընդունում եմ Սուրբ Երրորդությունը: Այն, ինչ որ ես հիմա ունեմ, ինձ Աստված է տվել: Ես կարող եմ հազար անգամ իմ կյանքի հովանավորին շնորհակալություն ասել, ինչպես շատերն ասում են իրենց մեկենասներին: Իմ հավատքը այն նույն հավատքն է, որն ունեցել են Գրիգոր Լուսավորիչը և Գրիգոր Նարեկացին։ Եթե նրանք աղանդավոր են, ուրեմն ես էլ եմ աղանդավոր: Ես այն հավատքի հետևորդն եմ, որը մեր տունը, իմ ընտանիքին պահել է պատերազմի տարիներին։ Եթե այդ բամբասողներն ապրեին իմ ապրած դժվարին տարիները և ստիպված սկսեին աղոթել, չեմ կարծում, որ շարունակեին բամբասել:

Անի Հարոյան

«3 Միլիոն»