Նայելով գեղեցիկ ու բարի դեմքով այս տարեց տղամարդուն, առաջին հայացքից կարող ես ենթադրել, թե պատկերվածը երկար տարիներ դպրոցում, ասենք, աշխարհագրություն դասավանդած ուսուցիչ է, կամ, խորհրդային ժամանակների մի ինչ-որ ոչ էական հիմնարկության «պրոֆմիության նախագահ»: Սակայն…Հայացքը հուշում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ ու միարժեք չէ: Իսկ երբ տեղափոխվում ես մյուս՝1921թ. փետրվարյան ապստամբության օրերին արված լուսանկարին և հայտնվում այդ «բարի դասատուի» սուր, ամենաթափանծ ու ամենատես հայացքի ներքո, հասկանում ես, որ իրականում գործ ունես չափազանց խիստ ու կարծր մի կառույցի` չափազանց խիստ ու կարծր ղեկավարի հետ: Լուսանկարներում պատկերված անձնավորությունը ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆՆ է՝ 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության «քոթուկ հենասյուներից» մեկը, երկրի քաղաքական հետախուզության և պահեստի միլիցիայի ղեկավարը: Կամ, այսօրվա լեզվով ասած՝ այն օրերի Հայաստանի ԱԱԾ պետը:
Ի տարբերություն մեր օրերին մեզանում գործող ծաղրանկարային այդ ծառայության գործունեության, երբ հնարավոր է դառնում ԱԱԾ պետի և երկրի առաջին դեմքի գաղտնալսումն ու դրա հետագա հանրայնացումը, Լևոն Քալանթարյանի ղեկավարած կառույցը և երկրի զինվորական հետախուզությունը մոտ երկու տարի իրենք են մշտապես գաղտնալսել Հայաստանի թշնամի պետության ղեկավարության և Հայաստանում այդ պետության ներկայացուցչության գրագրությունն ու տեղեկատվությունը և ներկայացրել այն Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Ավելի պարզ. Այն պահից սկսած, երբ 1918թ.Հայաստանի Հանրապետությունում բացվել է անկախ Ադրբեջանի ներկայացուցչությունը, հայկական հատուկ ծառայությունները և զինվորական հետախուզությունը կարողացել են ձեռք բերել Ադրբեջանի կառավարության և Երևանում այդ երկրի ներկայացուցչության միջև ընթացող գաղտնի գրագրության գաղտնազերծման բանալին և ընդհուպ մինչև Ադրբեջանի խորհրդայնացումը, երբ բանալին փոխվեց բոլշևիկների կողմից, ադրբեջանական կողմի ամբողջ գաղտնի նամակագրությունն ընթացել է Հայաստանի համապատասխան մարմինների «զգոն ուշադրության» ներքո: Ինչը, բնականաբար, հսկայական դեր է խաղացել երկրի անվտանգային բնագավառում: Ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, 1920թ. ամռանը հայկական կողմը այդ նամագրությունը նույնիսկ հրապարակել է համակովկասյան բաց մամուլում: Զինվորական հետախուզության հետ համագործակցելով վնասազերծվել է նաև եվրոպացի խոշոր ադրբեջանական լրտես:
Այդպիսին է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության որոշմամբ ստեղծած և Լևոն Քալանթարյանի ղեկավարած անկախ Հայաստանի հատուկ ծառայությունների գործունեության հիշարժան ու կարևոր էջերից մեկը: Այդպես են գործում անկախ պետության հատուկ ծառայությունները:
Վլադիմիր Հարությունյանի ֆեյսբուքյան էջից