«Բելառուսի բռնապետի հիմար դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են»
Advertisement 1000 x 90

«Բելառուսի բռնապետի հիմար դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են»

ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառումների շարք է կատարել ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հարցում ՀԱՊԿ-ի դիրքորոշման, ինչպես նաև Արցախի ճակատագրի վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանին օգնության հարցով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին՝ Մնացականյանը գրել է. «ՀԱՊԿ-ն իր անդամների համար ամեն ինչ է, բայց ոչ հավաքական անվտանգություն: Բելառուսն այն բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության։ Բելառուսի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ թեև նրանք դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում, բայց նաև Չմիավորման շարժման անդամներ են։ Ինչպիսի կատակ»:

Զարգացնելով թեման՝ ՀՀ նախկին ԱԳ նախարարը հավելել է.«Բելառուսի բռնապետի հիմար դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են, քանի որ նա փորձում է ուրիշներին գցել իր մակարդակին և նրանց փորձ տալ: Իհարկե, նա իր շրջապատում նախընտրում է ադրբեջանցի «յուրայինին»։ Աշխարհի բռնապետե՛ր, միավորվե՛ք»:

Այնուհետև դիվանագետը նշել է, որ «փաստը մնում է փաստ, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից»: Ըստ Մնացականյանի՝ «ցանկացած խաղաղ բանակցություններ՝ առանց Հայաստանի անհապաղ և ամբողջական ապաօկուպացման հարցը լուծելու, խաղաղության ծաղր են»:

«Արցախի դիտարկումը՝ առանց նրա ժողովրդին սպառնացող իրական, շոշափելի, գոյաբանական սպառնալիքի անդրադառնալու, նախերգանքն է այն զանգվածային հանցագործություններին օժանդակման և աջակցման ակտի, որն Ադրբեջանը պատրաստ է իրականացնել։ Նրանք բավականին նախազգուշական նշաններ են տալիս նման միտումների համար», – եզրափակել է Մնացականյանը։

 



Նման նյութեր