Ընդամենը մեկ ամառվա ընթացքում քնքուշ, հնազանդ, հարմարվող տղան հանկարծ այնպես է թափ առնում, որ ո՛չ միայն հասնում է ծնողի հասակին, այլ երբեմն գերազանցում է: Այժմ նա հաճախ է փակվում սենյակում և այլևս չի շտապում կիսվել իր խնդիրներով: Նա արդեն գաղտնիքներ ունի, ավելին, կարող է դառնալ մռայլ, դյուրագրգիռ, համառ:
Ոչ մի զարմանալու բան չկա. տղան մեծանում է և մտնում է իր համար նոր՝ սեռական հասունացման կամ պուբերտատ շրջան: Հենց այս ժամանակ, քան երբևէ, նա հարազատների օգնության և աջակցության կարիքն ունի, քանի որ դեռահասի համար պատանեկություն մտնող անցումային շրջանը կարող է շատ խնդրահարույց լինել:
Որքա՞ն է տևում սեռական հասունացման շրջանը
Օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք ավարտվում են դեռահասի սեռական հասունացմամբ, տևում է մոտավորապես յոթ տարի` 11-18 տարեկանում: Այս թվերը միջինացված են: Իրականում հասունացման գործընթացը յուրաքանչյուրի մոտ տարբեր կերպ և տարբեր ժամանակներում է ընթանում: Այն կարող է ավելի վաղ սկսվել, ավարտվել ավելի ուշ, ընթանալ ավելի արագ. այդ ամենը պայմանավորված է տղայի անհատական առանձնահատկություններով: Ուստի պետք չէ անհանգստանալ, եթե երեխայի մոտ սեռական հասունացումը տեղի է ունենում ոչ այնպես, ինչպես նկարագրված է ստորև:
Հորմոնային փոփոխություններ
Տղաների մեծանալը, սեռական հասունացումը և նրա մարմնի ու հոգեկան աշխարհի բոլոր փոփոխությունները պայմանավորված են էնդոկրին համակարգի գործունեությամբ: Տղայի` տղամարդու փոխակերպվելու մեջ գլխավոր դերը պատկանում է հիպոֆիզին: Այն արտադրում է հորմոններ, որոնք խթանում են մարմնի ինտենսիվ ֆիզիկական զարգացումը և ակտիվացնում ամորձիների աշխատանքը, որոնք նույնպես սկսում են հորմոններ արտադրել:
Պուբերտատ շրջանում տեղի է ունենում հորմոնների կտրուկ աճ, ինչն էլ պայմանավորում է դեռահասի արտաքինի և վարքի փոփոխությունները:
Սեռական օրգանների փոփոխություններ
Պուբերտատ շրջանի սկզբում առաջինը փոխվում են ամորձիները: Եթե նախկինում վերջիններիս չափերն անփոփոխ էին, ապա այժմ դրանք սկսում են աճել՝ 18 տարեկանում հասնելով 4-6 սմ երկարության և 2-3 սմ լայնության:
Չափերով մեծանում են նաև շագանակագեղձն ու ամորձապարկը: Հետո սկսվում է առնանդամի աճը:
11 տարեկանից սկսած, տղայի մոտ հիպոթալամուսում սկսում է արտադրվել գոնադոլիբերին հորմոնը, որը պատասխանատու է սպերմատոզոիդների և անդրոգենների (արական հորմոնների), արտադրության համար: Սպերմատոզոիդների արտադրման հետ սկսվում են երազախաբությունները՝ ակամա սերմնաժայթքումները, որոնք կապ չունեն ո՛չ սեռական ակտի, ոչ էլ ձեռնաշարժության հետ: Դրանք, որպես կանոն, տեղի են ունենում գիշերները՝ էրոտիկ երազների ընթացքում: Այս երևույթը նորմալ է և դրանից վախենալ պետք չէ: Այդ ժամանակ էլ տղաների մոտ դիտվում է էրեկցիա:
Մազերի աճ
Արական հորմոնների ազդեցությամբ տղայի մարմնի վրա սկսում են մազեր աճել. սկզբում ցայլքի շրջանում, ապա ազդրերի վրա՝ բարձրանալով դեպի պորտը: Ծնողները պետք է իմանան, որ տղամարդկանց ցայլքի վրա մազերն աճում են դեպի վեր ուղղված սեպով, մինչդեռ կանանց մոտ մազերի աճման գիծը հորիզոնական է: Եթե դեռահասի մոտ ցայլային մազերն աճում են կանացի տիպով, ցանկալի է դիմել էնդոկրինոլոգի: Այնուհետև մազեր են աճում անութափոսերում, պտուկների շրջանում, դեմքի վրա՝ կզակի վրա և վերին շրթունքից վեր:
Ոսկրամկանային համակարգ և մաշկ
Սեռական հասունացման ընթացքում դեռահասի մոտ դիտվում է աճի երկու ուժեղ ցատկ՝ 11-12 և 15-16 տարեկանում: Այդ շրջանում տղան կարող է մեկ տարվա ընթացքում աճել 10 սմ-ով: 18 տարեկանում աճի տեմպերը դանդաղում են և 21-22 տարեկանում պատանու աճն արդեն ձևավորված է:
Ոսկրերն սկսում են տարբեր ժամանակներում աճել: Այսպես, դաստակներն աճում են նախաբազուկներից մի քանի ամիս շուտ, այդ պատճառով անհամաչափ մեծ են երևում: Դեռահասը պետք է բարդույթներ չունենա այդ պատճառով, քանի որ 3-4 ամիս անց ամեն ինչ կկարգավորվի:
Կմախքը տղամարդկային գծեր է ձեռք բերում՝ նեղ ազդրեր, լայն ուսեր, մեծ ստորին ծնոտ: Սպիտակուցների ինտենսիվ սինթեզի հետևանքով մեծանում է մկանային զանգվածը, դեռահասը ֆիզիկապես ամրանում է: Մաշկը կոպտանում է, ակնեներ են առաջանում, ինչը պայմանավորված է տեստոստերոնի ազդեցությամբ, որն ուժեղացնում է ճարպագեղձերի աշխատանքը: Սովորաբար, սեռական հասունացման վերջում պզուկներն ու ակնեներն անցնում են:
Ձայնի փոփոխություն
Դեռահասի մոտ ձայնը փոխվում է, ինչը պայմանավորված է ձայնալարերի աճով և հաստացմամբ, տղան մեկ բամբ ձայնով է խոսում, մեկ՝ ֆալցետ: Միաժամանակ, զարգանում է ադամախնձորը: Այս փոփոխությունները ևս տեստոստերոնով են պայմանավորված: Հիմնականում ձայնը ձևավորվում է 15 տարեկանում:
Քրտնագեղձեր
Սեռական հասունացման շրջանը բնութագրվում է քրտնագեղձերի ուժեղացված աշխատանքով: Քրտնում են աճուկները, անութափոսերը, ոտնաթաթերը՝ յուրահատուկ հոտով:
Հոգեկան փոփոխություններ
Բացի մարմնական դրսևորումներից, հասունացման շրջանը բնութագրվում է բնավորության և վարքի որոշ փոփոխություններով:
Դեռահասների մոտ աղջիկների նկատմամբ հետաքրքրություն է առաջանում, նրանք սիրահարվածության առաջին զգացումն են ունենում: Այսօրվա իրականությունն այնպիսին է, որ հենց սեռական հասունացման շրջանում շատ դեռահասներ սկսում են իրենց սեռական կյանքը: Ծնողներն այս թեմայով պետք է շատ զգույշ և նրբանկատ խոսեն իրենց տղաների հետ:
Դեռահասի համար այս ոչ սովորական շրջանում կարող են նկատվել արտահայտված ագրեսիվություն, դյուրագրգռություն, դեպրեսիվ վիճակներ, աշխարհի՝այդ թվում նաև ծնողների նկատմամբ քննադատական վերաբերմունք:
Ամեն ինչի մասին նա դատում է կտրական, իր հասցեին ուղղված որևէ քննադատություն չի ընդունում կամ, ավելի վատ, չի ընդունում սեփական ազատության որևէ սահմանափակում: Եվ այստեղ որոշիչ դերը պատկանում է ընտանիքին: Տղայի ապագան կախված է նրանից, թե ինչպես են նրա ծնողները կարգավորում իրենց հասունացող տղայի ոչ սովորական խնդիրները: Այսպես, վեճի ընթացքում մեծահասակների կողմից ասված անզգույշ բառերը կարող են դեռահասին ստիպել տնից փախչել, թմրանյութեր ընդունել կամ փորձել կյանքին վերջ տալ:
Այս շրջանում երեխայի հետ պետք է խոսել ինչպես մեծի հետ՝ ներկայացնելով նրան նրա հնարավոր արարքների և վարքի հետևանքները: Մի՛ կշտամբեք նրան, խրատներ մի՛ կարդացեք, այլ վստահեք նրան և հնարավորություն տվեք ինքուրույն լուծել սեփական խնդիրները: Եթե դեռահասն իմանա, որ իրեն վստահում են, սիրում և հարգում են, ապա ցանկացած բարդ իրավիճակում օգնության համար նա կդիմի ընտանիքի անդամներին, այլ ոչ կողմնակի, հնարավոր է` կասկածելի անձանց: