Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.
«Կանցան, Բար Կանցան, հրեական երկրորդ տաճարի ավերումն ու հայկական ՛՛տաճարի՛ կործանումը
Ատելության մթնոլորտի հետևանքների մասին կա հրեական պատմություն, որը ներկայացված բաբելոնյան Թալմուդի Հիթին պատումում, հետո դա ներկայացվել է Միդրաշում: Միդրաշը բանավոր Թալմուդի բարոյախրատական նշանակություն ունեցող դասերն են, որոնց վրա կրթվում են երիտասարդ հրեաները:
Կանցած ուներ մոտ ընկեր ու մեկ թշնամի՝ Բար Կանցան: Կանցան, լինելով հարուստ մարդ, խնջույք է կազմակերպում, որին որոշում է հրավիրել Երեսուղամի իմաստուններին ու հոգևորականներին: Կանցայի ծառան սխալմամբ Կանցայի մոտիկ ընկերոջ փոխարեն խնջույքի հրավերը տալիս է Կանցայի թշնամուն՝ Բար Կանցային:
Երբ Բար Կանցան գալիս է խնջույքին, Կանցան պահանջում է, որ նա հեռանա: Չցանկանալով բոլոր հյուրերի ներկայությամբ վռնդված ու նվաստացված լինել, Բար Կանցան Կանցային խնդրում է, որ իրեն թույլ տա մասնակցել ու խոստանում է, որ խնջույքի ժամանակ կմնա լուռ:
Կանցան չի համաձայնվում, որից հետո Բար Կանցան առաջարկում է, որ խնջույքի ծախսերի կեսն իր վրա կվերցնի, եթե իրեն թույլ տալ մասնակցել խնջույքին, Կանցան մնում է անդրդվելի, որից հետո Բար Կանցան առաջարկում է իր վրա վերցնել խնջույքի ողջ ծախսերը, միայն իրեն նման ձևով չվռդեն խնջույքից: Կանցան չի համաձայնվում ու բռնելով Բար Կանցայի ձեռքից, ուժով նրան վռնդում է տանից:
Բար Կանցան այդ նվաստացման համար ավելի շատ վիրավորվում է խնջույքի մասնակից հրեա իմաստուններից, որոնք լուռ հետևում էին այդ միջադեպին ու չեն փորձում միջամտել այդ անարդարությանն ու որոշում է վրեժ լուծել:
Գնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ ու ասում, որ հրեաները չեն հարգում հռոմեացիներին ու որպես փորձություն առաջարկում է Երուսաղեմի տաճարում զոհաբերության համար Հռոմից ցուլ ուղարկել: Հռոմեական ցուլն ընդունելով ու տաճարում զոհաբերություն մատուցելով, հրեաները ցուցադրում էին իրենք հպատակությունը Հռոմին:
Ճանապարհին Բար Կանցան վնասում է ցուլին, իմանալով, որ ըստ հրեական օրենքների կարող է զահաբերվել միայն առողջ ու առանց ֆիզիկական արատների ցուլը:
Հրեաները հրաժարվում են կայսրին փառաբանելու հաար այդ զոհաբորությունը տաճարում կատարելուց ու մ.թ. 66 թվականին ապստամբում են Հռոմի դեմ, պատճառը կայսրի համար Տաճարում զոհաբերություն մատուցելուց հրաժարվելն էր:
Արդյունքում, մեր թվարկության 70-ին հռոմեական զորքերը պաշարում են Երուսաղեմն ու դիտում են, թե միմյանց նկատմամբ թշնամությամբ լցված հրեաները ինչպես են խմբերի բաժանված միմյանց կոտորում՝ փարիսեցիները սուդուկիացիներին, զելոտները բոլորին և այլն: Հետո, հռոմեացիները ավերում են երկրորդ տաճարը, հարյուր հազարավոր զոհեր են լինում, հարյուր հազարավոր հրեաներ տարագրվում են Իսրայելից:
Մինչև այժմ հրեաները չեն կարողանում վերականգնել Տաճարը, որի տեղը հիմա Ալ-Ակսա մզկիթն է: Ըստ հրեական օրենքների տաճարը կարող է վերականգնվել միայն նույն տեղում, որից հետո պետք է Մոշիախը՝ մեսիան, վերադառնա այս աշխարհ:
Թումանյանի ՛՛Մի կաթիլ մեղրը՛՛ այս տրամաբանության մեջ է գրվել, սակայն առանց բարոյական եզրակացության: Հրեական Միդրաշի այս պատումը երկու բան է ցույց տալիս, որ թեկուզ փոքր անարդարությունը կարող է ահռելի հետևանքներ ունենալ, նաև փոխադարձ ատելությունը կարող է երկիր կործանել, ինչը մենք կարող ենք տեսնել Անիի կործանման դրվագում: Անիիում երեք հայկական, միմյանց հանդեպ թշնամական հատվածներ կային՝ վրացամետ, բյուզանդամետ ու իսլամամետ: Հիմքեր կան ենթադրելու, որ սելջուկներին հենց այդ հայկական հատվածներից մեկն է հրավիրել քաղաք մյուս երկու հատվածների դեմ:
Փաստորեն նույն բանն այսօրվա Հայաստանում է կատարվում»: