Մեր օրերում սրտի ուզածը կարելի է գտնել Երևանի անգամ ամենափոքր խանութում: Մթերք, տնտեսական ապրանքներ, ըմպելիքներ… Որտե՞ղ էին հին Երևանի բնակիչները առևտուր անում, 168.am-ին պատմել է հայրս՝ Վահրամ Գաբուզյանը, ում հետ հիշողությունների զբոսանքի շրջանակներում այս անգամ այցելել ենք անցյալի ամենակոլորիտային խանութներ: Չնայած Երևանում գործել են ոչ սակավաթիվ մասնագիտացված խանութներ՝ որսորդական խանութ, տրիկոտաժի խանութ, թելի և անգամ առանձին կոճակի խանութ, անդրադարձ ենք կատարել երբեմնի ամենակոլորտայիններին՝ հայտնի «Ձկան խանութին» և ոչ միայն:
Ձկան խանութ
Լուսանկարը՝ «Հին Երևանի» արխիվից
«Ձկան խանութը գտնվում էր քաղաքի կենտրոնում, նախկին Կարմիր բանակի փողոցում: Շատ գեղեցիկ խանութ էր: Իմ հիշելով՝ ներսում ձկան պատկերներ, պատի վրա՝ մոզաիկա կար: Վաճառում էին ամեն տեսակի ձուկ: Կար նաև կենդանի ձուկ, որ հենց տեղում բռնում էին: Ու ըստ ինձնից ավելի տարեցների հիշողությունների՝ խանութում միշտ եղել է իշխան ու թառափ: Խանութն այնքան հայտնի էր, որ մոտակայքում ապրող մարդկանց, երբ հարցնում էիր՝ որտեղ ես ապրում, պատասխանում էին՝ «Ձկան խանութում»»:
Ջրերի խանութներ
Լուսանկարը՝ charkhchyan.wordpress.com-ից
«Ջրերի խանութներում վաճառում էին ամեն տեսակի հանքային ջուր: Այդ խանութներին նույնիսկ ասում էին «Ջերմուկի խանութ»: Վաճառվում էին նաև լիմոնադներ և գարեջուր: Բայց ամենակարևորը խանութների տեսքն էր: Խանութում սեղանները մարմարից էին: Իմ հիշողության մեջ մնացել է, որ խանութից անընդհատ ջրի ձայն էր գալիս, որովհետև բաժակները հետաքրքիր ձևով լվանում էին աշխատակիցները: Ինքնասպասարկում չի եղել: Այդ խանութներում վաճառվում էր աշխարհի ամենահամեղ տոմատի հյութը: Ամենահայտնի խանութները գտնվում էին Հանրապետության հրապարակին կից և Մաշտոցի պողոտայում»:
Գաստրոնոմներ
Լուսանկարը՝ «Հին Երևանի» արխիվից
«Գաստրոնոմները բոլորի ամենօրյա այցելության խանութներն էին: Գաստրոնումներում վաճառում էին ամեն ինչ՝ հաց, միս, կաթնամթերք, երշիկեղեն: Այսօրվա պատկերացմամբ դրանք մթերային խանութներ էին: Չկային տնտեսական ապրանքներ: Ամեն թաղամաս ուներ իր հայտնի գաստրոնոմը: Օրինակ՝ Նոր Նորքում ամենահայտնին «Գեղարդ» գաստրոնոմն էր: Իսկ ամենատպավորվածը եղել է այն շենքի գաստրոնոմը, որտեղ ես փոքր հասակում եմ ապրել: Սարյան 24 փողոցում էր գտնվում «Գարուն» գաստրոնոմը: Այն շատ հայտնի էր իր աշխատողներով, որոնց մեծ մասը կոնդեցիներ էին: Մինչև հիմա բոլորը շատ լավ հիշում են Կարին տոտային, ով հացի գործակատարն էր: Գաստրոնոմներում երեք տեսակի հաց էին ստանում՝ «սեռի», մատնաքաշ և բուխանկա, և այն ժամանակ կարելի էր կես հաց գնել: Շատերը կհիշեն նաև մսավաճառ Վալոդին, ով ամեն լավ միս ստանալիս զանգում էր հայրիկիս, ասում էր՝ շուտ իջիր, քանի հերթ չի առաջացել»:
Քաղաքում շատ հայտնի գաստրոնում էր նաև Պրոսպեկտ-Պուշկին խաչմերուկում գտնվող խանութը, որին ժողովուրդն ասում էր «շոֆեռների խանութ»»:
Ծաղկի խանութներ
Լուսանկարը՝ «Հին Երևանի» արխիվից
«Ծաղկի խանութները քիչ էին: Քաղաքում ամենահայտնին Մոսկովյան-Պրոսպեկտ խաչմերուկում էր: Ժողովուրդը, ոնց պտտվեր, ծաղիկ գնելու համար գալիս էին ծաղկի հայտնի այդ խանութը, որովհետև համարվում էր, որ լավագույն և ամենաթարմ ծաղիկներն այդտեղ էին վաճառվում»:
Անի Գաբուզյան