Անետ Լոուրենսը, Անգլիայի Բուքինգհեմշիր քաղաքից, դադարել է սափրել իր մորուքը՝ համացանցում վիրավորանքների պատճառով։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Առողջական խնդիրները Լոուրենսի մոտ սկսվել են սեռական հասունացման ժամանակ: Նա ավելորդ քաշ և պզուկներ ուներ, ինչի պատճառով հասակակիցների կողմից անընդհատ բռնության էր ենթարկվում: 19 տարեկանում աղջիկն իմացավ, որ ունի ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ՝ վերարտադրողական տարիքի կանանց մոտ էնդոկրին խանգարում, որն առաջացնում է գիրություն, պզուկներ, մեծացնում է շաքարախտի զարգացման վտանգը, ինչպես նաև հրահրում է հիրսուտիզմ՝ հավելյալ մազակալում մարմնի այն հատվածներում, որտեղ հիմնականում դրանք բացակայում են կամ աննշան են արտահայտված։ Այդ ժամանակ Լոուրենսն ասել է, որ չի մտածում ախտորոշման հետ կապված խնդիրների մասին:
Մեկ տարի անց կինը նկատել է, որ իր վերին շրթունքի վերևում սկսել են մազեր աճել։ 30 տարեկանում կզակի վրա մազածածկույթ է հայտնվել։ «Ես փորձեցի էլեկտրոլիզ և լազերային էպիլյացիա: Բայց 45 տարեկանում մազերի ծավալն այնքան մեծացավ, որ ես կարող էի մորուք աճեցնել։ Այսպիսով, ես ստիպված էի սկսել սափրվել», – ասում է նա:
Լոուրենսը կրկին ծաղրի զոհ է դարձել, բայց այժմ՝ սոցիալական ցանցերում։ «Նույնիսկ երբ դեմքիս մի քանի մազ ունեի, անթիվ օգտատերեր ինձ ասում էին. «Գնա սափրվիր, եղբայր»։ Երբեմն ինձ հարցնում էին. «Դու կին ես, թե՞ տղամարդ», հիշում է նա:
Չնայած վիրավորանքներին՝ կինը որոշել է չթաքցնել իր առողջական խնդիրները եւ դադարել է սափրվել։ «Հիմնական պատճառներից մեկը, որ ես որոշեցի մորուք աճեցնել, ուշադրություն հրավիրելն էր ՁՊԿՀ-ի վրա: Դա անելու ամենահեշտ ձևը մարդկանց ստիպելն է հարցնել. «Ինչո՞ւ մորուք ունես», ասում է Լոուրենսը: