Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան հրաժարվել է ներկայացնել թագավորական տունը
Advertisement 1000 x 90

Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան հրաժարվել է ներկայացնել թագավորական տունը

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի և թագուհի Սոնյայի դուստր Մարթա Լուիզան հայտարարել է, որ այլևս չի ներկայացնելու թագավորական տունը և չի կատարի արքայադստեր պարտականությունները այն բանից հետո, երբ իր հարաբերությունները աֆրոամերիկացի Դուրեկ Վերեթի հետ, ով իրեն շաման է անվանում, հասարակության մեջ ասեկոսեների և վրդովմունքի ալիք է բարձրացրել:

«Այն բանից հետո, երբ բազմաթիվ հարցեր ծագեցին իմ և իմ սիրելիի դերի վերաբերյալ, որոշեցի, որ այսուհետև այլևս չեմ կատարի ծառայողական պարտականությունները թագավորական տան համար», – ասել է արքայադուստրը, ում խոսքերը մեջբերված են թագավորական տան հաղորդագրության մեջ։

Արքայադուստրը բացատրել է, որ դա արել է թագավորական ընտանիքի շուրջ «հանգստություն պահպանելու» համար։ Նա նշել է, որ որոշումը կայացվել է ծնողների հետ համաձայնությամբ և դժվար է եղել իր համար։ Միաժամանակ Մարթա Լուիզան կպահպանի արքայադստեր տիտղոսը։ Դուրեկը նրա հետ ամուսնանալուց հետո ոչ մի կոչում չի ստանա, այլ կհամարվի ընտանիքի անդամ։

Այն բանից հետո, երբ 2019-ին հայտնի դարձավ Մարթա Լուիզայի հարաբերությունների մասին աֆրոամերիկացի Դուրեկ Վերեթի հետ, ով իրեն անվանում է շաման և հոլիվուդյան աստղերի հոգևոր դաստիարակ, խոսակցությունները չհանդարտվեցին այս զույգի շուրջ, նրանք քննադատվեցին այն բանի համար, որ արքայադուստրը խառնում է թագավորական պարտականությունները և կոմերցիոն շահերը: Դուրեկին քննադատել են նաև մի շարք անզգույշ և կասկածելի հայտարարությունների համար։