Storaket» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի նոր մասնաշենքի մրցութային նախագիծը:
Նոր մասնաշենքը նախատեսվում էր Կենտրոն վարչական շրջանի արևմտյան մասում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի հարավային ստորոտում, արևմտյան մասով ձգվող Հրազդան կիրճի մարզական գոտում։
«Գլխավոր հատակագծում նախատեսված էր վազքուղի՝ շեշտադրված կարմիր նյութով, որը կհավաքեր միջավայրը կառույցի շուրջ։ Վազքուղու և կառույցի միջև կար հարթակ, որը կարող էր ծառայել տարատեսակ միջոցառումների համար։ Սպորտային կոմպլեքսին տվել էինք պարզ, մաքուր կուբի ծավալային տեսք։ Մուտքային հանգույցը նախագծված է որպես ակցենտ՝ շեշտելով ուղղությունը։ Նախատեսում էինք կառույցը իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով, ֆորմաներով։
Շենքի հիմնական դահլիճները, ամֆիթատրոնը, միջանցիկ հատվածները ծածկված էին լինելու մեկ ընդհանուր տանիքի տակ, որը հնարավորություն կտար ունենալ ընդհանուր օդափոխության համակարգ և դիտակետեր ամեն անկյունից։
Կառույցից հյուսիս՝ հողամասին կից ձևավորվել էր ամֆիթատրոն, որը թույլ կտար դիտել մրցումային խաղերը նաև դրսից և այնտեղ անցկացնել բացօթյա միջոցառումներ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երեկ հայտնել է, որ 2024-2025 թվականներին նախատեսվում է մարմնամարզության երկու մարզադպրոց շահագործման հանձնել.
«Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նախագծային փուլում է. շուտով կսկսվի շինարարությունը: Հրանտ Շահինյանի անվան դպրոցում մեծամասամբ աշխատանքներն արդեն արված են: 2024-2025 թվականներին մենք երկու հիանալի դպրոց կունենանք, որոնք կբազմապատկեն մեր հաջողությունները սպորտային մարմնամարզությունում»,- Կարեն Գիլոյանի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: