«Դոմոդեդովո» օդանավակայանում Բիշքեկից ժամանածների վրա հարձակված զինված անձինք գումարի հետ առևանգել են նաև մի քանի հոգու։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունում։
Նախնական տվյալներով՝ մի խումբ մարդիկ «ավտոմատ զենք հիշեցնող առարկաներով» օդանավակայանի բակում հարձակվել են Բիշքեկ-Մոսկվա չվերթի ուղևորների վրա։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ անհայտ անձինք դիմակներով մի քանի հոգու նստեցրել են ավտոմեքենաներ և նրանց հետ փախել դեպքի վայրից։ Ավելի ուշ ոստիկանությունն առևանգվածներին հայտնաբերել է անտառային գոտում՝ երկու լքված արտասահմանյան մեքենաների կողքին։
Ինչպես հաղորդում է Baza Telegram ալիքը, զինված անձինք հարձակվել են Ղրղզստանի քաղաքացիների վրա՝ գողանալով 4 միլիոն դոլար ընդհանուր գումարով մի քանի պարկ։