Գենիչեսկն ընտրվել է՝ որպես Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք, որտեղ գտնվում են հիմնական իշխանությունները։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆոմինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Խերսոնի շրջանի ժամանակավոր վարչական մայրաքաղաքը Գենիչեսկն է, այնտեղ կենտրոնացած են բոլոր հիմնական իշխանությունները»,- ասել է նա։
Փետրվարի 27-ին Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Գենիչեսկը։ Այս քաղաքը գտնվում է Ազովի ծովի ափին։ Գենիչեսկը հայտնի է՝ որպես ծովային նավահանգիստ և հանգստավայր։
Նոյեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողությունների գոտում գտնվող զորքերի խմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկով հրամայել է ռուսական զորքերը դուրս բերել Խերսոնի շրջանից՝ Դնեպրի աջ ափից, որտեղ գտնվում է շրջկենտրոն Խերսոնը, դեպի ձախ ափ։ Սուրովիկինի խոսքով՝ ռուս զինվորականները հաջողությամբ հետ են մղել ուկրաինական գրոհները, և ուժերը դուրս բերելու որոշումը, ի թիվս այլ բաների, կապված է խմբավորման մեկուսացման սպառնալիքի հետ՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի տակ գտնվող տարածքների հեղեղման պատճառով։ Նրա խոսքով՝ բոլոր կամավոր խաղաղ բնակիչները՝ ավելի քան 115 հազար մարդ, արդեն տարհանվել են աջ ափից։