Ինչպե՞ս հաղթահարել վախը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս հաղթահարել վախը

Վախը բնորոշ է բոլորին՝ անկախ սեռից, տարիքից, ազգությունից, կարգավիճակից ու ծագումից: Ոմանք վախերի դեմ պայքարում են իրենց ամբողջ գիտակցական կյանքում: Ոմանք էլ համակերպվում են ու ապրում դրանց հետ՝ վախերը ենթարկեցնելով իրենց բանականության կամքին, կամ էլ անձնատուր լինելով քաոսային զգացմունքներին:

Այդքան էլ կարեւոր չէ, թե այդ վախերը ում մեղքով են հայտնվել ձեր գլխում. չէ՞ որ ի վերջո դրանք հենց մենք ենք սնել ու աճեցրել ու միայն մենք ենք ունակ դրանցից ազատվել: Սա առաջին խորհուրդն է: Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ։ Սա էլ երկրորդ խորհուրդն է նրանց,  ովքեր փորձում են հասկանալ ու արմատախիլ անել իրենց վախերը: Այս մասին պետք չէ բարձրաձայնել ընկերների, հարազատների, գործընկերների ներկայությամբ: Ավելին, դուք նույնիսկ կարող եք ժխտել, եթե ձեր հասցեին նման խոսակցություներ լսեք ինչ-որ մեկից, բայց երբ մենակ եք՝ փորձեք հասկանալ «Ինչո՞ւ եմ ես վախենում »: Բայց մի շտապեք. ձեր առաջին պատասխանը կարող է անկեղծ չլինել ու ճշմարտությունը կարող է մի քանի շերտերի հետեւում թաքնված լինել: Օրինակ «Ինչո՞ւ եմ ես վախենում սխալ գործել: Որովհետեւ իմ սխալի պատճառով կառաջացնեմ ղեկավարության ու գուցե նաեւ գործընկերներիս դժգոհությունը:

Իսկ ինչո՞ւ եմ ես վախենում ղեկավարության կամ գործընկերների դժգոհությունից: Որովհետեւ ես կզգամ, որ առաջացնում եմ շրջապատիս հիասթափությունն ու հակակրանքը: Կրճատելով այս շղթան՝ մենք կստանանք միանշանակ հարց, որը կունենա որոշակի պատասխան. «Ինչո՞ւ եմ վախենում աշխատանքի գնալ: Որովհետեւ ես վախենում եմ ինձ ոչնչություն զգալ»:

Մենք վախենում ենք նրանից, ինչ չգիտենք: Կամ ավելի ճիշտ՝ մենք վախենում ենք, որովհետեւ չգիտենք: Այդ բոլոր ձեռքբերած վախերի հիմքում չհասկանալն է: Ընդ որում, չհասկանալու պատճառը թե գիտելիքների պակասն է, թե իրավիճակի անորոշությունը:Առաջին դեպքում կարելի է այսպես ձեւակերպել. «Ես վախենում են անպիտան անհաջողակի տպավորություն թողնել»:

Դրա համար էլ միանգամայն տրամաբանական է, որ այն մարդը, որը միշտ աշխատում է, սովորում, զարգանում կամ ձգտում նոր գիտելիքներ ձեռք բերել, շատ ավելի հազվադեպ է վախենում սխալներ գործել, հետեւաբար իրեն անհաջողակ զգալ:

Երկրորդ (անորոշության ) դեպքում հետեւյալ ձեւակերպումն է բնորոշ. «Ես վախենում եմ հեռանալ, կորցնել երիտասարդին, քանի որ ես չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու առանց նրա (ավելի անկեղծ ու ճիշտ կլինի ասել՝ թե ինչպես եմ մենակ ապրելու), իսկ եթե հանկարծ ես ուրիշ ոչ մեկին պետք չլինե՞մ»: Մտքերն այն մասին, որ ինքն այլեւս ոչ մեկին պետք չի լինի միայն անվստահ մարդկանց են բնորոշ:

Աշխատեք ինքներդ ձեզ վրա, ինքնավստահությունը քչերին է ի ծնե տրվում, մեծամասամբ այդ հատկանիշը ձեռք է բերվում համառ աշխատանքով ու ջանքերով:

Ինքնավստահ մարդը նախ  կարող է սթափ գնահատել իր գիտելիքները, հմտությունները, փորձը, ու հասկանալ, որ դրանց առկայությունը թույլ չի տա, որ ինքն անդունդ գլորվի:

Երկրորդ՝ վստահ մարդը պարզապես չի մտածի այն մասին, որ ինքը երբեւէ կարող է մենակ մնալ:

news.am