Վագրը տատիկի աչքի առաջ առևանգել է իննամյա աղջկան և կտոր-կտոր արել
Advertisement 1000 x 90

Վագրը տատիկի աչքի առաջ առևանգել է իննամյա աղջկան և կտոր-կտոր արել

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Շահդոլ քաղաքի մերձակայքում վագրը տատիկի աչքի առաջ բրնձի դաշտից առևանգել է ինը տարեկան աղջկան և կտոր-կտոր արել։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Իննամյա Պունամ Գոնդը տատիկի և քույրերի հետ դաշտում բրինձ էր հավաքում։ Հանկարծ վագրը հարձակվել է երեխայի վրա: Աղջկա տատիկը՝ Թերասիա Գոնդը, պատմել է, որ հարձակումը տեղի է ունեցել օրվա ընթացքում։ «Ես լսեցի Պունամի ճիչը և մտածեցի, որ նա կտրել է իր ձեռքը մանգաղով: Շրջվեցի և տեսա, որ վագրը նրան քարշ է տալիս դաշտով մեկ։ Ես սկսեցի օգնություն կանչել, և գյուղացիները վազելով եկան ու փորձեցին փրկել աղջկան, բայց վագրը բռնեց նրան ու տարավ անտառ, որտեղ էլ սպանեց»,- պատմել է նա։

Ավելի ուշ տեղի բնակիչներն ու իշխանությունները աղջկա դին հայտնաբերել են անտառում։ Ներկայումս անտառտնտեսության աշխատակիցները փորձում են գտնել վագրին, որպեսզի սկսեն հետևել նրա տեղաշարժին։ Շրջանի անտառապահ Գաուրավ Չաուդարին ասել է, որ սա տարածաշրջանում մարդ-վայրի բնության բախման առաջին դեպքն է:

Անտառային տնտեսության ներկայացուցիչները հայտնել են, որ մահացածի ընտանիքին կվճարվի փոխհատուցում 400 հազար ռուփիի չափով։

 



Նման նյութեր