Մեծ Բրիտանիայում կինը մանգո է կերել և կերակրափողը վնասած կորիզի պատճառով քիչ է մնացել կորցնի կյանքը։ Այս մասին հայտնում է Metro-ն։
57-ամյա տուժածը, ով ցանկացել է անհայտ մնալ, մանգո ուտելուց հետո սկսել է կուլ տալու հետ կապված դժվարություններ ունենալ: Նա գնացել է բժշկի և ընդունելության ժամանակ պատմել, թե կոնկրետ ինչ է կերել մինչև անհարմարության զգացում ունենալը։ Բժիշկները համարել են, որ վտանգ չկա, և հիվանդի մոտ, ամենայն հավանականությամբ, քերծվել է կոկորդը կամ գրգռված է ստամոքսը։
Հիվանդանոց այցելությունից մի քանի օր անց կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա կրկին օգնություն է խնդրել։ Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել կերակրափողի պատռվածք և օդի կուտակում կրծքավանդակում։ Պարզվել է, որ վնասվածքի պատճառ է դարձել խրված մանգոյի կորիզը։
Պացիենտը կորիզի հեռացման վիրահատություն է տարել։ Դրանից հետո նա մեկ շաբաթ հիվանդանոցում է գտնվել բժիշկների հսկողության ներքո եւ բուժվել հակաբիոտիկներով։ Կինն ասել է, որ մտադիր է բողոքել բժիշկներից, ովքեր չեն մտածել, որ ինքը կարող էր մանգոյի կորիզ կուլ տված լինել և իրեն տուն են ուղարկել՝ դրանով իսկ վտանգի ենթարկելով իր կյանքը։