Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որտեղ հյուրերը կարողացան հաղթել 3:0 հաշվով:
42-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանն աչքի ընկավ ոչ միայն գոլով, այլև գոլային փոխանցմամբ:
Խաղավարտին Մխիթարյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ միջազգային մամուլն էլ հայ ֆուտբոլիստին գնահատեց ամենաբարձր միավորներով:
Խաղից հետո մամուլը Մխիթարյանին անվանեց արքա: «Արքա Հենրիխը». այսպես է կոչել խաղն ամփոփող իր հոդվածը բրիտանական The Sun պարբերականը: Հայ ֆուտբոլիստի խաղի մասին պարբերականը գրել է, որ, եթե Պոգբան և Իբրահիմովիչն ավելի շատ երևում են ամսագրերի շապիկին, ապա Մխիթարյանը գիտի իր հիմնական գործը և փայլում է դաշտում: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանն ու Մոուրինիոն վերջնականապես հասկացել են միմյանց և դրա շնորհիվ ստանում են հիասքանչ արդյունք:
Daily Mail-ը, խոսելով Մխիթարյանի խաղի մասին, գրել էր, որ «Լեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները անգամ չէին կարող պատկերացնել, թե ինչքան արագ էր Մխիթարյանը, քանի որ ֆուտբոլիստը ճախրում էր: Իսկ Goal պարբերականն էլ առաջարկել է Մարսիալին հետևել Մխիթարյանին, քանի որ վերջինս ցույց է տալիս, թե ինչպես է պետք կատարել մարզչի հանձնարարականները:
Daily Mirror-ի լրագրողները կարծում են, որ Մխիթարյանի խաղը պետք չէ գովերգել երկարաշունչ բառերով, քանի որ կա մեկ բառ, որ նկարագրում է հայ ֆուտբոլիստի խաղը ողջ հանդիպման ընթացքում՝ բարձրակարգ:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական էջն էլ Մխիթարյանի գոլից հետո գրառում է կատարել, որտեղ նշվում է, որ Մխիթարյանը փայլուն անցում կատարեց:
«Կարծես թե Հենրիխը չի սիրում «միջակ» գոլեր խփել»,- ասվում է գրառումում:
Բրիտանական մամուլը ներկայացրել է նաև Մխիթարյանի տպավորիչ վիճակագրությունը: Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 88 տոկոս: Հայ ֆուտբոլիստը գնդակին դիպչել է 76 անգամ և կատարել է 62 փոխանցում: Մխիթարյանի կատարած 3 հարվածներից մեկը դարձել է գոլ, իսկ մյուսն անդրադարձից հետո ուղղվել է դեպի Մատան, ով էլ դարձել է գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան