Լուսիա Խիմենես Պեռնասը սովորական կուբացի է՝ անսովոր պատմությամբ: Միայն 40 տարեկանում առաջին անգամ բարձրաձայնում է իր հայ լինելու մասին ու ֆեյսբուքյան հսկայական տիրույթում հայտարարում՝ փնտրում է հորը:
Սևանա լճի լուսանկարի ուղեկցությամբ Լուսիա Խիմենես Պեռնասը ֆեյսբուքում մի գրառում արեց՝ հպարտություն է ինձ համար, որ պատկանում եմ աշխարհի ամենահրաշագեղ երկու երկրներին՝ հնագույն Հայաստանին, որ իմ հոր երկիրն է, և չքնաղ Կուբային, որ ինձ մայրս է նվիրել: Այսքանը նա հայտնեց ֆեյսբուքյան տիրույթում:
Sputnik Արմենիայի հետ զրույցում արդեն Լուսիա Խիմենես Պեռնասը չակերտները բացեց՝ հեռակա սիրում է հորը, կարոտում նրան՝ երբևէ տեսած չլինելով:
Լուսիա Խիմենես Պեռնաս:
1975 թվականի հունվարն էր: Լուսիայի 28-ամյա մայրն աշխատում էր Մոսկվայում՝ Կուբայի դեսպանատանը: Այնտեղ աշխատելու շրջանում կինն ապրել է «Վարշավա» հյուրանոցում, որտեղ ամիսներ անց հանդիպել է իր տարիքի հայ երիտասարդին ու սիրահարվել:
Լուսիային մայրը պատմել է՝ թվում էր, թե ամեն ինչ հիանալի էր, բայց անսպասելի խնդիրներ են առաջացել և Արմեն անունով հայ երիտասարդը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան, կուբացի կինն էլ՝ իր հայրենիք:
«Նրանք չկարողացան միմյանց փոխանցել իրենց տվյալները: Մայրս չգիտեր, որ հղի է, այդ մասին նա իմանում է Կուբա վերադառնալուց հետո: Ես ծնվել եմ 1976 թ. մարտի 14-ին: Մայրս միշտ ասել ինձ, որ իմ հայրը հայ է եւ նրա անունն Արմեն է, բայց երբեք չի կարողացել հասկանալ նրա ազգանունը, որը մի թղթի կտորի վրա գրված պահպանել է մինչև այսօր»,-պատմեց Լուսիան:
Մայրը նրան մանրամասներ է պատմել, որոնց շնորհիվ Լուսիան հույս ունի գտնել հորը: Հայրն աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայում որպես տնտեսագետ կամ մաթեմատիկոս: Նա Մոսկվա է ժամանել 1975 թ-ի հունիսի 8-ին՝ կիրակի օրը, ցերեկը մնացել է «Վարշավա» հյուրանոցում:
Գիշերել է այնտեղ, իսկ հաջորդ օրը գնացել է Գիտությունների ակադեմիայի հյուրանոց եւ այնտեղ մնացել է 12-րդ հարկի 1212 սենյակում. Նա այդ ժամանակ 28 կամ 29 տարեկան է եղել:
Հորից մնացած միակ հիշատակը՝ իր ձեռագրով ու ստորագրությամբ թղթի կտորը:
«Գուցե Գիտությունների ակադեմիայում առկա է որևէ փաստաթուղթ, որը նա ստորագրել է, և այդպիսով հասկանանք նրա անուն-ազգանունը, և որոնումը դառնա ավելի արդյունավետ: Իսկ մյուս կողմից, ես գիտեմ, որ նա պետք է ունենա իր կյանքը և չեմ ուզում խնդիրներ առաջացնել, պարզապես ես ուզում եմ իմանալ՝ նա կցանկանա՞ ճանաչել ինձ կամ կապ պահպանել: Իսկ եթե ոչ, կլինի այնպես ինչպես նա է ցանկանում»,-ասաց Լուսիան:
Այս ամբողջ պատմության մեջ Լուսիա Խիմենես Պեռնասն առաջնահերթ մտածում է հոր մասին, հասկանում է, որ հոր համար էլ դժվար կլինի ընդունել, որ 40 տարի անց հայտնվում է մեկն ու ներկայանում նրան որպես դուստր, պատմում այնպիսի պատմություն, ինչպիսին իրենն է:
Լուսանկարները՝ Լ. Խիմենեսի անձնական արխիվից