Ականջակալների պատճառով ավելի քան 1 միլիարդ երիտասարդ կարող է կորցնել լսողությունը
Advertisement 1000 x 90

Ականջակալների պատճառով ավելի քան 1 միլիարդ երիտասարդ կարող է կորցնել լսողությունը

Կարոլինսկայի համալսարանի ղեկավարած մասնագետների միջազգային խումբը պարզել է, որ ավելի քան 1,3 միլիարդ երիտասարդներ խլանալու վտանգի տակ են՝ ականջակալների կամ համերգներին շատ բարձր երաժշտություն լսելու պատճառով:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մոտ 430 միլիոն մարդ լսողության կորուստ ունի, որից 34 միլիոնը երեխաներ են։ Խլությունը վաղուց դադարել է հիմնականում տարիքային խնդիր լինելուց, եւ ամեն տարի աճում է այն երիտասարդների թիվը, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ կորցրել են լսելու ունակությունը:

Ոչ բնածին խլության հիմնական պատճառը երիտասարդների սերն է՝ ականջակալներ օգտագործելու եւ բարձր երաժշտություն հնչող վայրեր այցելելու նկատմամբ, օինչպիսին գիշերային ակումբներն են: Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ ականջակալներ օգտագործողները հաճախ ձայնը բարձրացնում են մինչեւ 105 դեցիբել, մինչդեռ ընդունելի է համարվում 75-ից 80 դեցիբելը:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 12-ից 34 տարեկան 20 հազար մարդկանց լսողության վրա բարձր երաժշտության ազդեցությունը: Պարզվել է, որ նրանց 50%-ը պարբերաբար երաժշտություն է լսել մինչեւ 112 դեցիբել ձայնով։

Գիտնականները նշում են, որ 85 դեցիբելից բարձր ձայնի մակարդակը կարող է վնաս հասցնել լսողությանը: Ականջակալների չափազանց բարձր երաժշտությունը կարող է վնասել ներքին ականջը, լսողական նյարդը, նվազեցնել մազերի բջիջների քանակը եւ, ի վերջո, հանգեցնել լսողության կորստի:

Հաշվի առնելով, որ Երկրի վրա 12-ից 34 տարեկան մոտ 2,8 միլիարդ մարդ կա, մասնագետները կարծում են, որ 670 միլիոնից մինչեւ 1,35 միլիարդ երիտասարդներ կանգնած են լսողության կորստի վտանգի առջեւ: Հետազոտությունը հրապարակված է BMJ Global Health ամսագրում:

news.am