Հյուսթոնի եւ Նոր Օռլեանի համալսարաններից եւ մի շարք գիտահետազոտական կենտրոններից ամերիկացի գիտնականներ մշակել են թմրանյութերից կախվածության դեմ աշխարհի առաջին պատվաստանյութը, որը թույլ չի տալիս ֆենտանիլ թմրանյութին հասնել առնետների ուղեղ, դրանով իսկ խոչընդոտելով կախվածության զարգացումը։ Այս մասին հանտում է Pharmaceutics-ը։
Մասնավորապես, խոսքը ափիոնիդների մասին է, որոնք կապված են խանգարումների եւ գերդոզավորման արդյունքում մահացու ելքով դեպքերի թվի աճման հետ։ Փորձագետները նշում են, որ չնայած թմրանյութերից կախվածությունը բուժելի է, մարդկանց 80 տոկոսը տառապում է ռեցիդիվից։
Հետազոտության ընթացքում գիտնականները առնետներին պատվաստանյութի երեք դոզա են տվել՝ երեք շաբաթը մեկ։
Կենդանիների մյուս խումբը պլացեբո է ստացել։ Պատվաստված առնետների մոտ ժամանակի ընթացքում ֆենտանիլի դեմ հակամարմինների մակարդակն ավելացել է։
6 շաբաթ անց գիտնականները հաստատել են, որ պատվաստանյութը արգելափակել է ֆենտանիլի ցավազրկող ազդեցությունը։ Հերձումը ցույց էտվել, որ պատվաստանյութը նվազեցրել է առնետների գլխուղեղում ֆենտանիլի քանակությունը։ Հետազոտողները իմունիզացված առնետների մոտ որեւէ անբարենպաստ կողմնակի ազդեցություն չեն նկատել։
«Մեր պատվաստանյութն ի վիճակի է ֆենտանիլի դեմ հակամարմիններ գեներացնել, որոնք կապվում են օգտագործվող ֆենտանիլի հետ եւ կանխում են ուղեղում հայտնվելը՝ թույլ տալով այն օրգանիզմից դուրս հանել երիկամների միջոցով», – ասում է Հյուսթոնի համալսարանի դոցենտ Քոլին Հեյլը:
Սինթետիկ ափիոնիդ ֆենտանիլը մոտավորապես 100 անգամ ուժեղ է մորֆինից։
1990-ականներին բժիշկներն այն նշանակում էին ուժեղ ցավի դեմ, ինչը ԱՄՆ-ում «ափիոնիդային համաճարակի» հանգեցրեց։ Ավելի քան 150 մարդ ամեն օր մահանում է ֆենտանիլի գերդոզավորումից։
Այժմ հետազոտողները պատրաստվում են փորձարկումներ կատարել մարդկանց նկատմամբ։ Պատվաստանյութը կարող է օգնել ոչ միայն կանխել կախվածությունը, այլեւ ազատվել դրանից։
Կարեւոր է նշել, որ պատվաստանյութը չի արգելափակել այլ ափիոնիդների ազդեցությունը։ Սա թույլ էտալիս ենթադրել, որ այն չի խանգարի մեղմացնել մարդկանց ցավը, եթե այլ ափիոնիդներ օգտագործվեն։