Ի՞նչ պայմանավորվություն կա Տիգրան Ավինյանի ու Գագիկ Բեգլարյանի միջև. analitik.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ պայմանավորվություն կա Տիգրան Ավինյանի ու Գագիկ Բեգլարյանի միջև. analitik.am

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծես թե չի կշտանում այն աջակացությունից, որը ստանում է կառավարությունից ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանից Երևանում սպասվելիք ընտրություններից առաջ: Ավինյանն, ով արդեն սկսել է իր քարոզարշավը ու մի քանի օպերատորների ուղեկցությամբ գրեթե ամենօրյա կտրվածքով ման է գալիս Երևանում ու իբր «տապակվում» քաղաքացիների դարդուցավով, կառավարության վերջին նիստում փորձեց ևս մեկ աջակցություն ստանալ Փաշինյանից: Երբ գործադիրի նիստում քննարկում տեղի ունեցավ դպրոցների մասով, Ավինյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ վերջին 4 տարում կառավարությունը շատ կենտրոնացած է եղել մարզային դպրոցների ու մանկապարտեզների վրա, սակայն ինքը Երևանում այցելել է որոշ դպրոցներ ու խնդիրներ արձանագրել: Նա Փաշինյանին խնդրեց հանձնարարական տալ պետական գույքի կառավարման կոմիտեին, որ մի փորք կենտրոնացումը վերադարձնեն Երևանի վրա, որովհետև շատ տեղերում մարզային դպրոցները հնարավոր է ավելի լավ վիճակում են, քան Երևանում: Ակնհայտ է, որ Ավինյանը փորձում է կառավարության միջոցներով ավելի շատ շահել քաղաքացիների սրտերը: Այսպես ասած, «հարսի մարմնի համապատասխան հատվածով փեսային լավություն անել»: Սակայն, ստացվեց այնպես, որ քննարկումը գնաց այլ ուղղությամբ:

Փաշինյանը նախ հայտարարեց, որ կառավարության քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության վրա կենտրոնանալն է, ապա դիմեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, որպեսզի ինֆորմացիա ստանա, թե 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագրում Երևանը որ տեղում է: Պարզ է, որ նա այդ մասին ինֆորմացիա ուներ, ուղղակի ցանկանում էր լսեցնել տալ Ավինյանին: Մաթևոսյանը պատասխանեց, որ ինչպես մարզերն,այնպես էլ Երևան քաղաքը ներառված է ծրագրում: Նա ասաց, որ նախորդ տարի Երևանում հանձնվել են նոր կառուցված դպրոցներ, այս տարի էլ վերանորոգվում են: Փոխվարչապետը վստահեցրեց, որ ծրագրերում Երևանը ներառված է հավասարապես: Սա դեռ հերիք չէ, Փաշինյանը հայտարարեց, թե հույս ունի, որ իրավապահ մարմինները բոլոր ջանքերը կգործադրեն Երևանում սեփականաշնորհված բոլոր մանկապարտեզները երեխաներին վերադարձնելու համար, այդ ժամանակ էլ կառավարությունը կաջակցի քաղաքապետարանին: Այս երկխոսության ժամանակ Փաշինյանի այս հիշատակումը պատահական չէր: Բանն այն է, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այս օրերին ակտիվ պայքարի մեջ է: Նա, իհարկե, առաջին պլանում չէ, չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն, այլ ուղղակի փորձում է պահել այն, ինչ ունի, ու դա անում է, մասնավորապես, Ավինյան Տիգրանին թև ու թիկունք լինելով:

Մեր տեղեկություններով, Բեգլարյանի ու Ավինյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջինն օգնում է երկրորդին դառնալ Երևանի քաղաքապետ, երկրորդն էլ օգնում է առաջինին խուսափել ապօրինի գույքի բռնագանձման պայքարի հերոսներից մեկը դառնալուց ու սեփականաշնորհած մանկապարտեզների տարածքներից զրկվելուց: Ստացվում է՝ փոխշահավետ համագործակցություն նախկին ու ներկա իշխանությունների վառ ներկայացուցիչների միջև՝ գուցե նախկին ու ներկա իշխանությունների ղեկավարների թիկունքում:

Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին «Հետք»-ը հոդված էր հրապարկել, որում նշվում էր, որ միայն Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել, իսկ Երևանի նախկին քաղաքապետը 4 մանկապարտեզի տարածքի փաստացի սեփականատեր է. Օրինակ, Երևանի Թամանյան փողոցի 3 շենքի առաջին հարկում և կիսանկուղային տարածքում մինչև 2008 թվականը գործել է թիվ 140 մանկապարտեզը: Այսօր մանկապարտեզի տարածքում գործում է «Պաուլաներ» գարեջրատունը, որը Գ. Բեգլարյանի որդու սեփականությունն է: 2020 թվականին Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել սույն մանկապարտեզը սեփականաշնորհելու գործով:

Օրեր առաջ էլ՝ նոյեմբեր 16-ին, Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Ըստ դատախազության՝ 2002-2010 թվականների ընթացքում Երևանի «Կենտրոն» համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր: Այնուհետև, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նա մի շարք անձանց ներգրավմամբ, տարաբնույթ ձևական գործարքներ իրականացնելու ճանապարհով, միջոցներ է ձեռնարկել անշարժ գույքերի գերակշիռ մասն օրինականացնելու համար: Դատախազությունը նշում է, որ հափշտակվել են նաև մի շարք մանկապարտեզների հատկացված շենք-շինություններն, ինչի հետևանքով դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը։

Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու հոդվածներով: Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ՝ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք ներկայացնելու համար: Կարճ ասած՝ Ավինյանին ու Բեգլարյանին զգուշացնում են, որ պետք չէ խաղեր տալ:

analitik.am

 



Նման նյութեր