Առանց երկար մտածելու, ուրախությամբ ընդունեցի. Ավո Խալաթյանը՝ «Արմենիա» TV-ի առաջարկի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Առանց երկար մտածելու, ուրախությամբ ընդունեցի. Ավո Խալաթյանը՝ «Արմենիա» TV-ի առաջարկի մասին. life.panorama.am

Արդեն մի քանի օր է, ինչ «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման եթերում սիրված հաղորդավարների շարքը համալրել է դերասան, երգիչ Ավո Խալաթյանը: Թեև բազմաթիվ հրավերներին, նրան հեռուստաէկրաններին հազվադեպ կարելի է տեսնել, իսկ թե ինչպե՞ս է այս անգամ Ավոն համաձայնվել ու ընդունել առաջարկը, պատմել է Life.panorama.am-ին.

«Արդեն մոտ ութ տարի է, ինչ աշխատում եմ «Ա Թի Վի» հեռուստաընկերությունում: Այստեղ հանդես եմ գալիս որպես հեռուստաընկերության ձայնը ներկայացնող՝ ծանուցելով սպասվելիք հաղորդումների մասին: Այսինքն՝ աշխատում էի հեռուստաընկերությունում, որը «Արմենիա» հեռուստաընկերության հետ նույն հոլդինգի կազմում է, սակայն աշխատանքս կադրից դուրս էր: Ինչ վերաբերվում է այս առաջարկն ընդունելուն, այն առանձնանում էր բոլոր հրավերներից, քանի որ նախորդները անվերջ ու անհամար սերիալներ էին, որոնցում ոչ մի կերպ չէի ուզում նկարահանվել: «Արմենիա» հեռուստաընկերության կողմից այս առաջարկն ինձ շատ հետաքրքրեց ու սիրով, առանց երկար մտածելու, ուրախությամբ ընդունեցի: Բացի այս, ինքս ինձ համար էլ ուզում էի փոխել կյանքիս ռիթմը»,- պատմեց Ավո Խալաթյանն ու ժպիտով շարունակեց.

«Մեծ սիրով եմ աշխատում, քանի որ իմ նույն աշխատավայրում եմ, իմ սիրած շենքում, որտեղ ամեն բան ու գրեթե բոլորն ինձ ծանոթ են: Նոր աշխատակազմում էլ շատ արագ ինտերգրվեցի, «Բարի լույս»-ում աշխատանքս շատ հաճելի մթնոլորտում է ընթանում, ողջ թիմի հետ իսկական ընտանեկան հարաբերություններում ենք, անգամ արդեն ընդհանուր աշխատանքային խումբ ունենք համացանցում, ու այնքան ենք իրար գրում տարբեր հարցերով, որ իմ մարտկոցը անջատվում է: Լավ թիմը հաջող աշխատանքի ուղիղ կեսն է, եթե ոչ ավելին»:

Ավո Խալաթյանի խոսքով՝ նա շատ լուրջ է վերաբերվում նոր աշխատանքին.

«Ինչպես ասում են՝ ինչպես օրդ սկսես, այնպես էլ կշարունակվի: Առավոտյան թողարկման հաղորդավարի աշխատանքը այնքան էլ հեշտ չէ հենց նաև այդ առումով: Պետք է կարողանալ լավ տրամադրություն հաղորդել մարդկանց, որպեսզի օրվա շարունակությունը լավ լինի: Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ անում եմ, որպեսզի հնարավորինս լավ ներկայանամ, սակայն ինչպես բեմ բարձրանալիս, այնպես էլ եթեր մտնելիս՝ ամեն անգամ ներքին հուզմունք կա: Ինչևէ, պետք է կարողանալ հասնել պրոֆեսիոնալիզմի այն աստիճանի, որպեսզի հեռուստադիտողից թաքցնես այդ հուզմունքը»,- նկատեց հաղորդավարը:

Բացի «Բարի լույս»-ից, Ավո Խալաթյանը շարունակում է աշխատել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում.

«Գործող ներկայացումներից զատ՝ այս պահին ներգրավված եմ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ «Գողը դրախտում» ներկայացման մեջ: Այստեղ գլխավոր դերն եմ փորձում: Ի դեպ՝ պրեմիերան կկայանա փետրվարի 24-ին»,- նշեց նա:

Աշխատանքային զբաղվածությունը Ավո Խալաթյանին չի խանգարում, որ ժամանակ տրամադրի նաև ընտանիքին.

«Աշխատանքային օրերին զբաղվածությունս շատ-շատ մեծ է, բայց ես ընտանիքիցս ժամանակը չեմ խլում: Փորձում եմ երեխաներիս հետ շատ ժամանակ անցկացնել, իսկ կիրակիներս ամբողջովին նրանցն է»,- ավարտեց մեր զրուցակիցը:



Նման նյութեր