Արգենտինական Todo Noticias հեռուստաալիքի թղթակից Դոմինիկ Մեցգերին կողոպտել են Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին ուղիղ եթերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մեցգերը հեռարձակում էր Դոհայի Կորնիշ շրջանից՝ մրցաշարի առաջին խաղից առաջ։ Ուղիղ հեռարձակման ժամանակ նա պարել է երկրպագուների հետ, ինչից հետո նրա դրամապանակից անհետացել են փողն ու փաստաթղթերը։ Ու թեեւ գողության պահը կադրում չի հայտնվել, լրագրողը վստահ է, որ դա եղել է նկարահանման ժամանակ։
«Ես ինձ հետ ունեի մի փոքրիկ պայուսակ՝ բոլոր անհրաժեշտ իրերով, դրամապանակս, մեր հյուրանոցի սենյակի բանալիները, մի քանի անձեռոցիկ։ Ես պարում էի ամբոխի հետ և վստահ եմ, որ հենց այդ ժամանակ ինչ-որ մեկը բացել է պայուսակս և վերցրել դրամապանակս: Հեռարձակումն ավարտելուց հետո ուզում էի դրամապանակս վերցնել՝ մի շիշ ջուր գնելու համար, և հետո հասկացա, որ այն պայուսակիս մեջ չէ»,- ասել է նա։
Մեցգերը հավելել է, որ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով գողության մասին։