Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ նիստում այսօր առաջին անգամ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Առաջին հերթին ուզում եմ բոլորիդ ողջունել. Առաջին անգամ եմ գտնվում ԱԺ-ում և վստահ եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանքային ոճ կունենանք: Մենք իրար հետ միասին ուրիշ ճանապարհ չունենք: Պատճառներից մեկը, որ մենք այսօր այստեղ ենք, այն է, որ մենք ունենք Հայրենական պատերազմի իրավիճակ, և դա պահանջում է ամբողջ ժողովրդի մասնակցությունը պաշտպանության մեջ»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:
Վերջինս նշեց՝ այս տարի բյուջեի 2 միլիարդից միայն մոտ մեկ միլիարդն է ուղղվելու ծրագրերի իրականացմանը:
«Մենք ունենք բարեփոխումների և մարդկանց այս պրոցեսի մեջ ընդգրկելու մեծ ծրագիր: Մեծ ուրախությամբ ընդունում եմ ձեր առաջարկները, և մենք կաշխատենք, որովհետև ես վստահ եմ, որ ամբողջ ազգը, բոլորը պիտի մասնակցեն մեր հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց Ռուբեն Վարդանյանը: