Ո՞ր կանանց համար է ավելի հավանական կրծքի քաղցկեղի առաջացումը
Advertisement 1000 x 90

Ո՞ր կանանց համար է ավելի հավանական կրծքի քաղցկեղի առաջացումը

X քրոմոսոմի ապաակտիվացումը կրկնակի բարձրացնում է կանանց մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են eLife ամսագրում։

X քրոմոսոմի ապաակտիվացումը այն վիճակն է, երբ մեկ X քրոմոսոմը բջջում կորցնում է իր ակտիվությունը։ Այդ X քրոմոսոմը գտնվում է պինդ կառույցում (Բարրի մարմնում), եւ գեները դրանում գրեթե կամ լիովին չեն ակտիվանում։ Մասնագետների խոսքով՝ կանանց մեծ մասը ենթակա է նման ապաակտիվացման, բայց ոմանց մոտ այն այնքան էլ ուժեղ արտահայտված չէ։

Գիտնականներն ուսումնասիրել են երկվորյակ կանանց մոտ 800 զույգի։ Խումբը հայտնաբերել է, որ ապաակտիվացում նկատվել է մինչեւ 40 տարեկան կանանց 12 տոկոսի մոտ, 28 տոկոսի մոտ՝ մինչեւ 60, 37 տոկոսի մոտ՝ մինչեւ 70 եւ 44 տոկոսի մոտ՝ 70-ից բարձր տարիքում։

Ապաակտիվացման ծայրահեղ մակարդակ նկատվել է մինչեւ 60 տարեկան կանանց 3-4 տոկոսի մոտ, մինչեւ 70 տարեկան կանանց 7 տոկոսի մոտ եւ 70-ից բարձր տարիքի կանանց 9 տոկոսի մոտ։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ոչ ծխելը, ոչ ճարպակալումը X քրոմոսոմի ապաակտիվացման առաջացման գործոն չեն։

Համեմատելով X քրոմոսոմի ապաակտիվացում ունեցող եւ չունեցող երկվորյակների տվյալները՝ հետազոտողները պարզել են, որ արտահայտված ապաակտիվացում ունեցող կանանց մոտ քաղցկեղի առաջացման վտանգը երկու անգամ ավելի բարձր է հաջորդ 10 տարիների ընթացքում։ Նրանք նաեւ ավելի շատ են ենթակա սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգին։

Գիտնականների խոսքով՝ ապաակտիվացումն ունի կլինիկական պոտենցիալ՝ որպես կանանց քրոնիկական հիվանդությունների ռիսկի ինքնատիպ բիոմարկեր։ Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ այդ երեւույթի մեխանիզմները հասկանալու եւ պարզելու համար, թե արդյոք կարելի է այն օգտագործել որոշ հիվանդությունների կանխման համար։

news.am