Իմ ու հերոսուհուս միջև մի մեծ նմանություն կա՝ ես էլ եմ բարի. Նաիրա Մովսիսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Իմ ու հերոսուհուս միջև մի մեծ նմանություն կա՝ ես էլ եմ բարի. Նաիրա Մովսիսյան. life.panorama.am

Դստեր ծնունդից հետո դերասանուհի Նաիրա Մովսիսյանը կրկին հեռուստաէկրաններին է: «Ա Թի Վի» հեռուստաընկերության «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում նաև Նաիրան է նկարահանվում՝ առաջին անգամ մարմնավորելով դրական հերոսուհու:

«Դադարի ընթացքում բավականին մեծ էներգիա էր կուտակվել մեջս, ներքուստ այնքան էլ հանգիստ չէի, որ չէի կարողանում արտահայտել այդ էներգիան, իսկ հիմա շատ ավելի հանգիստ եմ, քանի որ լռությունից կուտակված ասելիքը կարողանում եմ արտահայտել: Հետևաբար կարոտը մեծ էր աշխատանքիս նկատմամբ, ուրախ եմ, որ հիմա հնարավորոթյուն ունեմ այս հեռուստասերիալում ինքնադրսևորվելու»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Նաիրան:
«Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում դերասանուհին առաջին անգամ դրական կերպարով է ներկայանում.

«Ինձ հետ միշտ պատահել է այնպես, որ ռեժիսորները, պրոդյուսերները ինձ բացասական կերպաներում են տեսել՝ նախկին փորձերը հաշվի առնելով: Այս անգամ, փառք Աստծո, խախտվեց կարծատիպն ու ինձ առաջարկեցին դրական հերոսուհու մարմնավորել. Ի դեպ այս կերպարն ինձ վստահելու համար շնորհակալ եմ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանին ու սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանին: Հերոսուհիս՝ Լյուսին ամեն ինչ անում է, որ քրոջ ընտանիքը չքանդվի: Նա ճշտխոս , բանական, սթափ ու ռեալ մարդ է, ով փորձում է օգտակար լինել հատկապես քրոջը: Իմ ու  հերոսուհուս միջև մի մեծ նմանություն կա՝  ես էլ եմ բարի»,- ժպիտով պատմեց Նաիրան:

Թե ինչպես հաջողվեց դերասանուհուն մշտապես բացասական հերոսուհիներից հետո դրական կերպարով հանդես գալ, նկատեց.

«Կերպարս դեռևս զարգացման մեջ է, փոփոխություններ կլինեն: Ինչ վերաբերվում է հերոսների տարբերությանը, պետք է նշեմ, որ բացասակա հերոսի մարմնավորելը սարսափելի դժվար է, բայց հիմա  շատ ավելի հետաքրքիր է այսօրվա ստեղծածս կերպարը, քանի որ այն շատ խաղարկային է. ժամանակի ընթացքում նա և պոռթկում է, և խաղաղ է, և խղճում է, և բարկանում: Թեև պետք է հաստատ շեշտեմ, որ պրոֆեսիոնալ դերասանի համար բարդ ու հեշտ դերեր չկան, պետք չէ զարմանալ, երբ մարդը լավ է խաղում: Յուրաքանչյուր պարագայում դերասանը խնդիր ունի հանդիսատեսին կամ հեռուստադիտողին հավատացնել իր հերոսին, ես պիտի կարողանամ սուտը շատ ճիշտ ծախեմ ու մատուցեմ: Ինձ համար կապ չունի ես սերիալում եմ խաղում, գեղարվեստական ֆիլմում, գովազդում, թե թատրոնում, միևնույն է, ես ամեն խաղից հետո ռեժիսորին հարցնում եմ, թե արդյոք այն, ինչ անում եմ, անկեղծ է»:

Ինչպես ամիսներ առաջ պատմել էինք՝ Նաիրա Մովսիսյանը աշխատում է նաև կարի արտադրամասում՝ որպես PR մենեջեր: Հետաքրքրվելով, թե արդյոք հիմա, երբ նաև նկարահանվում է, աշխատանքներից որևէ կողմը չի՞ տուժում, պատասխանեց.

«Ես միշտ աշխատում եմ օրս կազմակերպել այնպես, որ մեկը մյուսին չխանգարի: Ամեն ինչի համար ժամանակ եմ գտնում ու չեմ թողնում, որ ոչ ես տուժեմ, ոչ էլ աշխատանքներս»:



Նման նյութեր