Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջից հանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտպանող բոլոր գրառումները: Այս մասին հայտնել է TMZ-ն: Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ուեսթն այդ քայլին է դիմել ներգաղթի քաղաքականության խստացման օրենքի պատճառով, որն արգելում է առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաև Թրամփի վարչակազմի այլ գործողությունների պատճառով:
Քանյե Ուեսթը Թրամփին աջակցում էր ընտրարշավի ընթացքում, իսկ դեկտեմբերին նրա հետ հանդիպել է Նյու Յորքում, որից հետո Twitter-ում գրել. «Զգում եմ, որ կարևոր է ուղղակիորեն շփվել մեր ապագա նախագահի հետ, եթե մենք իրոք փոփոխություններ ենք ցանկանում»:
Հանդիպման հաջորդ օրը երաժիշտը Twitter-ում զետեղել է լուսանկար, որտեղ պատկերված է Time հանդեսի շապիկը, որը Թրամփին ընտրել է «տարվա մարդ»: Համարն ստորագրված է Թրամփի կողմից, որն Ուեսթին «հիանալի ընկեր» է համարել: