«Բայց դու չես գալիս» երգը՝ Արսեն Սաֆարյանի կյանքի «ոսկե բանալին». երգի պատմության մասին պատմում է երգիչը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Բայց դու չես գալիս» երգը՝ Արսեն Սաֆարյանի կյանքի «ոսկե բանալին». երգի պատմության մասին պատմում է երգիչը

«Երգը գրվել է 80-ականներին, երբ դեռ եղբայրս Արցախում էր ապրում: Ընկերներով էստրադային խումբ ունեին ու երգեր էին գրում, կիթառի նվագակցությամբ կատարում: Այնպես որ, երգը մի քանի համահեղինակների ստեղծագործություն է: Ես երգը լսել եմ շատ ուշ՝ 93-94 թվականներին, երբ եղբայրս եկավ Ղարաբաղից: Ու քանի որ կիթառ նվագել էի սովորում, հենց այդ երգն էլ սովորեցի: Որտեղ որ հնարավոր էր՝ դասարանի հավաքույթ, երեկոյան բակում հավաքվեինք, հետագայում ուսանողական հանրակացարանում, միշտ երգում էի, ու բոլորը միանգամից սիրում էին այն: Եկավ մի օր, և ես որոշեցի լուրջ զբաղվել երաժշտությամբ, ու ահա այդ ժամանակ էլ զբաղվեցի երգով, քանի որ գիտեի, որ այն շատ շահեկան է: Գործիքավորումն արեց Արեգ Առուստամյանը և  աշխատանքն ինձ միանգամից դուր եկավ: Երգը ձայանգրվեց «Ասպարեզ» ստուդիայում: Հետաքրքիր էներգետիկա ունի այդ երգը, ով լսում, սիրահարվում էր նրան: Հետո երգը սկսեցին պտտել ռադիոկայանները ու այն ամենուր հնչում էր»:

«Ուսանող էի, նստում էի երթուղային, ու երբ երգը հնչում էր, տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ուշադրությամբ լսում, իսկ ես իրենց կողքը նստած էի, բայց ոչ ոք ինձ չէր ճանաչում: Այդ տարիներին հայալեզու նման երգեր շատ քիչ էին ստեղծվում, բոլորը հիմնականում արտասահմանյան երգեր էին կատարում, և հիթային հայկական երգեր մատների վրա կարելի էր հաշվել: Հիշում եմ, որ այդ տարիներին երևի միայն Ֆորշը արդեն իսկ ուներ ծավալուն երգացանկ: Հեղինակային երգերի մասին չեմ խոսում, այդպիսիք շատ կային հատկապես ռոք ոճի մեջ, բայց սիրային, թեթև հիթային երգերը քիչ էին: Այդ տարիներին Երգի պետական թատրոնը շատ ազդեցիկ մի վայր էր և այնտեղ երգելը մեծ պատիվ էր, ուստի ես ևս շատ էի ուզում հայտնվել այդ բեմահարթակի վրա…»:

«Իսկ երբ Ֆորշը լսեց երգը, առաջարկեց բոլոր համերգներին իր հետ շրջագայեմ ու կատարեմ այն: Պատկերացնու՞մ եք, ինչ հնարավորություն էր դա սկսնակ երգչի համար: Բոլոր առումներով այս երգն իմ կյանքում «ոսկե բանալու» դեր կատարեց: Շատերն իրենց կյանքում առաջին անգամ սիրելիների հետ հենց այս երգի տակ են պարել, սիրահարվել: Անգամ մի դեպք եղավ, երբ ինձ մի երիտասարդ զանգեց ու պատմեց, որ ողջ գիշեր երգի պատճառով չի քնել, որովհետև երգի բառերն անընդհատ պտտվում էին նրա ուղեղի մեջ: Երգը 27 տարվա պատմություն ունի և այսօր էլ այն շարունակում է պահանջված մնալ: Իմ բոլոր համերգներին ես այն կատարում եմ, ու հենց այս երգի ընթացքում է, որ ողջ դահլիճը ձայնակցում է ինձ», – նշում է Արսեն Սաֆարյանը:

Ամբողջությամբ՝ blognews.am