Վեց ամսից միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink ընկերությունը մարդու մեջ չիպ կտեղադրի սմարթֆոնն ու համակարգիչը հեռակառավարելու համար՝ առանց ձեռքի օգնության։ Նման տեխնոլոգիան, Մասկի խոսքով, կկիրառվի առաջին անգամ։
Իլոն Մասկի Neuralink Corp ընկերությունը մտադիր է վեց ամսվա ընթացքում սկսել պացիենտ-մարդկանց մեջ մետաղադրամի չափի համակարգչային չիպ տեղադրել: Neuralink-ը բարելավում է արտադրանքը, որը բաղկացած է փոքր սարքից և ուղեղում տեղադրվող էլեկտրոդներով լարերից և թույլ կտա հեռակառավարել տարբեր տեսակի տեխնոլոգիաներ։
Neuralink տեխնոլոգիական ստարտափը ստեղծվել է 2016 թ․։ Երկար ժամանակ այն մնում էր Մասկի ամենագաղտնի պահվող բիզնեսը։ Առաջին անգամ դրա գոյության մասին իմացել է Wall Street Journal-ը 2017 թ․: Գործնականում ոչ մի մանրամասն այս ընկերության մասին չկար մինչև 2019 թ․, երբ Մասկը հրապարակեց լուսանկար, որում երևում էր առնետ՝ ուղեղի իմպլանտով:
Ավելի ուշ՝ 2020 թ․ օգոստոսին, Մասկը ցուցադրեց Գերտրուդա անունով խոզին՝ կրկին իմպլանտով։ Փորձարկման շրջանակում խոզին դրել էին վազքուղու վրա, և համակարգիչը, կարդալով նյարդային ազդանշանները, կարողացել էր հետևել կենդանու ոտքերի դիրքին և ֆիքսել այն պահերը, երբ խոզը հոտոտել էր սնունդ փնտրելու ընթացքում։