Այսօր շրջանառության մեջ դրվեց Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշ։
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի հաղթող Մալենան:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փաստեց, որ կարևոր իրադարձությունների ժամանակ պետությունը նախաձեռնում է նամականիշերի թողարկում. «Արդեն երկրորդ անգամ Հայաստանը հյուրընկալում է «Մանկական Եվրատեսիլը», և ցանկանում ենք, որ ամեն հաջորդ միջոցառում ավելի լավը և դիտարժան լինի։ Նամականիշի մարումը կլինի լավագույն և հիմնական նվերը միջոցառման հյուրերի համար՝ ցույց տալով, թե մենք որքան կարևոր տեղ ենք հատկացնում այս իրադարձությանը»։
Հայաստանին հաղթանակ բերած երգչուհի Մալենան խոստովանեց, որ դեռ առիթ չի ունեցել որևէ նամականիշից օգտվելու, սակայն պատրաստվում է «Եվրատեսիլի» իր ընկերներին նամակ ուղարկել հենց այս խորհրդանշական նամականիշով։
400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին:
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: