Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Փորձագիտական խմբի խորհրդակցության համաձայն՝ Սահակաշվիլին տառապում է չորրորդ փուլի հյուծումով, որը վտանգավոր է նրա կյանքի համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով բժիշկ Թենգիզ Ցուլաձեի հայտարարությանը։
«Հիվանդի վիճակը զգալիորեն վատացել է։ Դա արտահայտվում է քաշի կորստի, կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման, պոլինեվրոպաթիայի, ինչպես նաև մկանային զանգվածի նվազմամբ, թուլությամբ։ Հիվանդի համար դժվար է ոտքի վրա կանգնել, դժվար է կապ հաստատել նրա հետ, նա ջերմություն ունի»,- ասել է բժիշկը։
Բժիշկները պահանջում են «ժամանակին և արմատական միջոցներ ձեռնարկել՝ կանխելու սպասվող անդառնալի վատթարացումը»։ Խորհուրդը պարզել է, որ Սահակաշվիլին ձերբակալվելուց հետո նիհարել է 42 կգ և այժմ կշռում է 73,6 կգ։ Վրաստանի նախկին նախագահը անորեքսիայից արդեն անցել է կախեքսիայի։
Սահակաշվիլին Վրաստան է վերադարձել 2021 թվականի հոկտեմբերի 1-ին և ձերբակալվել։ Նա մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, բյուջետային միջոցների յուրացման և «Իմեդի» հեռուստաընկերության լուծարման մեջ։ Երկու քրեական գործերով նա հեռակա դատապարտվել է։