Billboard հայտնի ամսագրի կայքն անդրադարձել է «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինին՝ պատմելով, թե ինչպես հայկական փոքրիկ քաղաքի աղջիկն իր Snap երգով նվաճեց համաշխարհային հիթ շքերներն ու դարձավ Billboard-ի Adult Alternative Airplay հիթ շքերթի առաջատարը։
Billboard-ի հետ զրույցում երգչուհու մենեջեր Թամար Կապրելյանը նշել է, որ «Եվրատեսիլ»-ում 20-րդ հորիզոնականից հետո իրենք որոշել են ոչ թե առաջ անցնել ու աշխատել նոր երգի շուրջ, այլ ամբողջ ուժերը կենտրոնացնել Snap-ի՝ էլ ավելի լայն տարածման վրա։ Արդյունքում կիրառել են սոցիալական տարբեր հարթակները, որոնցից մեկը TikTok-ն էր։ Այստեղ երգը գրանցեց ռեկորդային տարածում, միլիոնավոր հոլովակներ ու դիտումներ։
TikTok-ում Snap-ի տարածումը հասավ մինչեւ Billboard Hot 100 հիթ շքերթ, իսկ Billboard-ի Adult Alternative Airplay շքերթում հայ երգչուհու հիթը 7 շաբաթ շարունակ զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Այժմ Snap-ը երկրորդ հորիզոնականում է։
«Ես միշտ կլինեմ ազնիվ իմ գործում։ Իմ երաժշտությունը ներկայացնում է այն ամենը, ինչի միջով ես անցել եմ։ Ես եկել եմ Հայաստանից, ու այն, որ այսօր իմ երազանքը կատարվում է, անհավատալի է թվում»,-կայքին տված հարցազրույցում նշել է երգչուհին։
Ռոզա Լինը Snap-ը կատարել է նաեւ Ջեյմս Քորդենի The Late Late Show-ի շրջանակում՝ այն ներկայացնելով հայկական դեկորներով ու գործիքավորմամբ։ Երգչուհին, որպես հատուկ հյուր, իր հիթը ներկայացնելու է նաեւ Երեւանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր շոուի ընթացքում։