«Բավական երկար ճանապարհ ենք անցել մեր գործընկերների հետ». Մանկական Եվրատեսիլ 2022»-ի ղեկավարները նոր մանրամասներ են ներկայացրել
Advertisement 1000 x 90

«Բավական երկար ճանապարհ ենք անցել մեր գործընկերների հետ». Մանկական Եվրատեսիլ 2022»-ի ղեկավարները նոր մանրամասներ են ներկայացրել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի առաջին ասուլիսը։ «Մանկական Եվրատեսիլ»-ի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը խոսեցին մրցույթի կազմակերպչական աշխատանքներից ու դրա տարածման աճից:

«Շատ ուրախ ենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը որոշ դժվարություններ անցնելով, այուամենայնիվ, կայացել է: Ամեն տարի «Մանկական Եվրատեիլի» ժողովրդականությունն ու տարածումն աճում է: Մրցույթը տարեցտարի բացահայտում է նոր տաղանդների, որոնց կտեսնեք նաեւ այս շաբաթ: Երեւի արդեն տեսել եք մեր զարմանահրաշ բեմը, այն հրաշալի աշխատանքը, որը կատարում է հյուրընկալող հեռարձակողը: Ուրախ եմ, որ մրցույթը տարեցտարի աճում է»,-նշեց Մարտին Օսթերդալը:

«Մենք բավական երկար ենք պատրասվել «Մանկական Եվրատեսիլ»-ին՝ անցած տարվա դեկտեմբերից, երբ սկսեցին բանակցությւնները: Բավական երկար ճանապարհ ենք անցել մեր գործընկերների հետ: Մեր եվրոպացի ցործընկերների հետ պայմանավորվեցինք աշխատել որպես մեկ թիմ, եւ կարող եմ վստահորեն ասել, որ դա մեզ մոտ ստացվեց»,-հավելեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ Երեւանում «Մանկական Եվրատեսիլ»-ն անցկացնելու համար հարյուրավոր մասնագետներ են ներգրավվել,-«Մեզ ոչ միայն ԵՀՄ-ի մեր գործընկերներն են օգնել, այլեւ եվրոպական մի քանի երկրներից ժամանած պրոֆեսիոնալներ: Այս պահին էլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բոլորն աշխատում են, որպեսզի այն, ինչ մենք տեսնենք դեկտեմբերի 10-ին ու 11-ին, իրոք լինի հիշարժան, եւ ես կարծում եմ, որ դա մեզ մոտ կստացվի»:

«Մանկական Եվրատեսիլ»-ի 20-րդ հոբելյանն ավելի հիշարժան դարձնելու համար Հայաստան են հրավիրվել մրցույթի տարբեր տարիների հաղթողները, որոնք ելույթ ունեցան Հանրապետությա հրապարակում կայացած բացման արարողությանը. նրանք կմասնակցեն նաեւ գլխավոր շոուին:

Մրցույթի տոմսերը վաճառվել են երկու փուլով: Վաճառք տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ արտերկրում.

«Դահլիճից «Մանկական Եվրատեիլ»-ին հետեւել ցանկացողների թիվը շատ մեծ է, բայց տեղերը, ցավոք սրտի, սահմանափակ են: Մենք որոշեցինք տոմսերի վաճառքն իրականացնել երկու փուլով, որպեսզի դրսից եւս հանդիսատեսը կարողանա տոմսեր գնել, եւ առաջին փուլի վաճառքը դրսում ավելի շուտ հայտարարեցինք: Արդյունքում պարզվեց, որ պահանջարկը շատ մեծ էր: Տեխնիկական մեծ աշխատանքների պատճառով դահլիճում նստատեղերի թիվը կրճատվել է, ու նաեւ դա է պատճառներից մեկը, որ տեղերը քիչ են: Ցավում ենք, որ այդպես ստացվեց, բայց դա է օբյեկտիվ իրականությունը: Դա էր նաեւ պատճառներից մեկը, որ մենք մեծ բացման արարողություն իրականացրինք, որպեսզի բոլորն, ովքեր ցանկանում էին ներկա լինել «Մանկական Եվրատեսիլի» միջոցառումներին, կարողանային գալ Հանրապետության հրապարակ»,-հավելեց Մովսիսյանը:

Անդրադառնալով մրցույթի մեծամասշտաբ աշխատանքներին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը նշեց. «Սա լավ հնարավորություն է մեզ համար ցույց տալու աշխարհին, որ Հայաստանը կարող է ընդունել մեծամասշտաբ միջոցառումներ եւ անցկացնել բարձր մակարդակով: Սա շատ կարեւոր է, եւ «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը եւս պատճառ է, որ շոուն լինի շատ ավելի տարբերվող»:

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Դրան կնախորդի ժյուրիի համար նախատեսված շոուն, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։ Այն ներկայացում է նույն համերգային ծրագիրը՝ մեկ տարբերությամբ․ տվյալ օրը մրցույթի իրական հաղթողը չի որոշվում։

«Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա հանդիսավարներն են՝ Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանը, Կարինա Իգնատյանը եւ առաջին հայկական ռոբոտ Ռոբինը։ Մրցույթի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հաղորդավարներից մեկն արհեստական բանականություն ունեցող սարք է։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի պատվիրակը 14-ամյա Նարե Ղազարյանն է, որն իր DANCE! երգը ներկայացնելու է 15-րդ համարի ներքո։

style.news.am