Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլևս չի զբաղեցնի Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը: Ավելին, նա արդեն նույնիսկ այդ խորհրդի անդամ չէ:
ՀՀ վարչապետի փետրվարի 3-ի որոշմամբ հաստատվել է նշված բուհի խորհրդի կազմը: Նախորդի գործունեության ժամկետը լրացել էր սեպտեմբերին, և մինչ այժմ համալսարանը կառավարման խորհուրդ չուներ:
Ինչպես և սպասվում էր, Սուրիկ Խաչատրյանին այդ ցուցակում փոխարինելու է եկել գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը նույնպես այսուհետ Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում չէ: Նրա փոխարեն նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Ս. Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ բուհերի խորհուրդների անդամների 50 տոկոսին նշանակում են կառավարությունն ու կրթության և գիտության նախարարությունը: Նախորդ խորհրդի համեմատությամբ փոփոխությունները մեծ չեն: Կառավարությունը սույն բուհի խորհրդի կազմում վերահաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին:
Դարձյալ խորհրդի կազմում է ընդգրկվել նաև Սասուն Խաչատրյանը` Սուրիկ Խաչատրյանի եղբայրը: Նա, ի դեպ, Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ի տնօրենն է. նախկինում բուհի կառավարման այս մարմնում ներկայացնում էր «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն:
Կրթության և գիտության նախարարության առաջադրած անդամները հիմնականում ոլորտի ներկայացուցիչ են: Գորիսի պետական համալսարանի խորհուրդը կազմված է 24 հոգուց:
Նշենք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է, որ բուհերի կառավարման բարձրագույն մարմին խորհուրդները պետք է ապաքաղաքականացվեն և դրանցում այլես չընդգրկվեն պետական կամ կուսակցական պաշտոն զբաղեցնող անձինք: Բայց մինչ նախագիծն օրենք դառնա, հայտնի չէ, թե որքան ժամանակ կանցնի: Հետևաբար առայժմ գործում է նախկին սկզբունքը: