Չինաստանի առևտրա-արդյունաբերական բանկը (ICBC) այս տարի առաջին անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բանկային բրենդը: Այս մասին է վկայում Մեծ Բրիտանիայի Brand Finance վերլուծական գործակալության հետազոտությունը, որից մեջբերումներ է անում տեղական մամուլը:
Գործակալության հաշվարկներով՝ ICBC բանկային բրենդի արժեքը 2017 թվականին հասել է 47,8 միլիարդ դոլարի: Այս ցուցանիշով չինական հսկան առաջ է անցել նախկին առաջատարից՝ ԱՄՆ-ի Wells Fargo-ից (41,6 մլրդ դոլար):
«Արդեն լինելով ակտիվների չափով աշխարհի խոշորագույն բանկը՝ ICBC-ն մեկ տարում իր բրենդի արժեքը բարձրացրել է 32 տոկոսով՝ մինչև 47,8 միլիարդ դոլար, ինչը կազմում է այս ֆինանսական ինստիտուտի ընդհանուր շուկայական կապիտալացման (239 միլիարդ դոլար) 20 տոկոսը»,- ասված է զեկույցում:
«ICBC-ի դեպքը եզակի չէ: 17 և 13 տոկոսի հզոր աճ են արձանագրել նաև, համապատասխանաբար, Չինաստանի շինարարական բանկը (CCB) և Չինաստանի բանկը (BOC), որոնք առաջ են անցել արևմտյան բանկերից: Ըստ որում CCB-ն ցույց է տվել առանձնապես լավ արդյունքներ՝ 41,4 միլիարդ դոլար ցուցանիշով. դրան միայն շատ քիչ չի բավականացրել Wells Fargo-ին հասնելու համար»,- նշում են հետազոտության հեղինակները:
Ամենաթանկ բանկային բրենդների առաջին տասնյակ են մտել նաև Միացյալ Նահանգների Chase-ը, Bank of China-ն, Bank of America-ն, Չինաստանի գյուղատնտեսական բանկը, Citi-ն, Մեծ Բրիտանիայի HSBC-ն և Իսպանիայի Santander-ը: Ռուսաստանի Սբերբանկը վարկանիշի 35-րդ տեղից բարձրացել է 24-րդը, դրա բրենդի արժեքը գնահատել են 9,075 միլիարդ դոլար (աճը՝ 33 տոկոս):
Brand Finance-ը հիմնվել է 1996 թվականին Լոնդոնում և մասնաճյուղեր ունի ավելի քան 20 երկրներում: Ընկերությունը մասնագիտացած է ոչ նյութական ակտիվների գնահատման բնագավառում, ինչպես նաև մատուցում է բրենդների արժեքի մաքսիմիզացման խորհրդատվական ծառայություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: