Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում. ԱՄՆ կոնգրեսականներ
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում. ԱՄՆ կոնգրեսականներ

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել Արցախի միակ մատակարարման ուղին: Այս մասին հայտարարություն են տարածել ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը:

«Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները: Շատ մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլ է տրվում ազատ կերպով բողոքի ակցիա անել միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին: Նրանց կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել տրանսպորտի տեղաշարժը, դեպի Արցախ սննդի, բժշկական պարագաների և այլ կենսական նշանակության ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաև սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը», – նշված է ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունում:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նաև անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը:

«Ըստ լրացուցիչ տեղեկությունների՝ Ադրբեջանը նաև փակել է տարածքի բնակիչների համար բնական գազի մատակարարման գլխավոր աղբյուրներից մեկը՝ ջերմաստիճանի անկման պայմաններում տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման, ինչպես արել էր այս տարվա մարտին: Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ փակման սպառնալիքը ևս մեկ անգամ նրանց ձեռքում զենք է դարձնում կարևոր ենթակառուցվածքները և հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Սրան նախորդել է ոտնձգությունների շարքը հայ ժողովրդի դեմ, որը քաջալերվում է Ալիևի վարչակարգի ճոռոմ հռետորաբանությամբ: Այդ ոտնձգությունները փաստագրված են», – նշել են կոնգրեսականները:

Նրանք նաև ԱՄՆ-ին և նրա եվրոպական գործընկերներին կոչ են արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները Ադրբեջանի կողմից ստեղծված այս ճգնաժամը դադարեցնելու համար: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները կոչ են արել նաև՝ Ալիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի և խաղաղության այլ բազմակողմ գործընթացների միջոցով և «ապահովել Արցախի ժողովրդի ներգրավվածությունն այդ քննարկումներում»:



Նման նյութեր